Էդվարդ Նալբանդյան.Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի որոշումը

    289

    Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

    Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։
    Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ և կտուգանվեն 10 հազար եվրոյի չափով։
    Կիպրոսը Եվրոպայում չորրորդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։
    Ներկայումս Կիպրոսում բնակվում է շուրջ 3000-3500 հայ (Նիկոսիայում` 1200-1500, Լառնակայում` 400-500, Լիմասոլում` 200-250, Ֆամագուստայում` 130 և այլն): Կիպրոսում բնակվող հայերը մեծ մասամբ արհեստավորներ են, մանր և խոշոր առևտրականներ, ձեռնարկատերեր: Կան նաև արվեստագետներ, փաստաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, պետական ծառայողներ: Համայնքը ղեկավարում են թեմի ազգային վարչական մարմինները:Կիպրոսում գործում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կիպրոսի թեմը:
    2009 թվականի մարտի 6-ին հայազգի Մարիոս Գարոյանն (Ժողովրդավարական կուսակցության նախագահ) ընտրվել է Կիպրոսի Խորհրդարանի նախագահ: Կիպրոսաբնակ հայությունն ունի կրոնական համայնքի կարգավիճակ: Հայ համայնքը Ներկայացուցիչների պալատում ունի 1 ներկայացուցիչ: Կիպրոսի Խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահտեսյանը:

    Загрузка...