Անակնկալներ The Beautified Project ռոք խումբի կողմից

    148

    The Beautified Project ռոք խումբն անակնկալներ է պատրաստել իր երկրպագուների համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը նշել է, որ The Beautified Project-ը հոկտեմբերի 30-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հանդես կգա համերգով:

    «Մենք փոքր դադար ենք ունեցել, 4 ամիս ոչ մի բան չենք արել: Վերադառնում ենք այս համերգով, որի ընթացքում ներկայացվելու են մեր երեք ալբոմների լավագույն երգերը: Նաև մի նոր երգ ենք կատարելու, որի տեսահոլովակը թողարկվելու է հոկտեմբերի 16-ին: Երգը կոչվում է I Found a Way: Տեսահոլովակում նկարահանվել է Լյուսի Աբդալյանը, ով վերջերս ցուցահանդես ունեցավ Երևանում: Նրա ոճը շատ հետաքրքիր է: Տեսահոլովակում նրան տրամադրել ենք կտավ, և նա ամբողջ ընթացքում նկարում է: Հետաքրքիր բան է ստացվել: Տեսահոլովակը նկարահանել է Արվին Քոչարյանը»,- նշել է Անդրե Սիմոնյանը:

    The Beautified Project-ի հիմնադրի խոսքով` սա խմբի այս տարվա վերջին համերգն է: Ռոք խումբը 2015-ին իր համերգների միջոցով Հայոց ցեղասպանության թեման է արծարծել աշխարհի տարբեր երկրներում:

    «Մենք թողարկեցինք «Արագիլ» երգի մեր մշակումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերին, բարձրացնում է արտագաղթի հարցը և հայերին ետ է կանչում Հայաստան: Թողարկելուց հետո մենք 100-ամյա տարելիցին նվիրված համերգներ ունեցանք Փարիզում, Բեռլինում, Կրակովում, Վիեննայում, Հայաստանում: Ուզում ենք փորձել նաև Հայաստանի քաղաքներում համերգներ ունենալ: Կարծում եմ, որ այդ համերգները կլինեն հաջորդ տարի»,-ընդգծել է Անդրե Սիմոնյանը:

    The Beautified Project ռոք խումը հիմնադրվել է 2005 թվականին Անդրե Սիմոնյանի կողմից Լոնդոնում: Այն ամենահայտնի անգլալեզու երգացանկ ունեցող խումբն է Հայաստանում, ինչպես նաեւ առաջին ռոք խումբը, որի տեսահոլովակները ցուցադրվել են BBC եւ MTV հեռուստաալիքների բրիտանական տարբերակով: 2011 թ. հյուրախաղերի ընթացքում BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ խմբի մասին: The Beautified Project-ը 2008 թ. թողարկել է իր Behind The Happy Mask, 2010-ին` Beyond The Butterfly, իսկ 2013-ին United We Fall երաժշտական ալբոմները: