Արցախում մեկնարկել է Էկոգյուղի ծրագիրը

    532

    Ինչպես գրում է banks.am-ը, Արցախի կառավարությունն ու «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում ազդարարել են Արցախում Էկոգյուղի հիմնման ծրագրի մեկնարկը:

    Ծրագրի նպատակը Ասկերանի շրջանում զբոսաշրջության, էկոգյուղատնտեսության զարգացման եւ կրթական համալիրի ստեղծումն է: Հեղինակավոր մասնագետներն ու փորձագետները կփոխանցեն հյուրընկալության, էկոլոգիական շինարարության ու  էկոգյուղատնտեսության ոլորտներում առաջատար փորձը՝ նպաստելով տեղի մասնագիտական կարողությունների զարգացմանը:

    Ծրագիրն իրականացվելու է IDeA հիմնադրամի կողմից՝ Արցախի իշխանությունների աջակցությամբ:

    IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ծրագրի մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ այս ծրագիրը քննարկումների երկար փուլ է անցել, եւ արդեն հստակ պատկերացումներ կան ծրագրի ծավալների ու գաղափարի մասին:

    «Մենք շատ երկար քննարկումներ ունեցանք թե Արցախի կառավարության, թե արցախցիների հետ: Կարեւոր էր, որ այն չդառնա զուտ արտասահմանյան նախագիծ, երբ մարդիկ այցելում, հանգստանում՝ գնում եմ, այլ իսկապես ընդգրկված լինի արցախյան էկոհամակարգում, լինի Արցախի ընդհանուր նախագիծը: Հիմքում այն  գաղափարն է, թե ինչպես պահպանելով անցյալը, մեր յուրահատկությունը՝  առաջ նայենք, եւ ոչ  միայն տնտեսական, այլեւ  կրթական զարգացում կարողանանք  ապահովել: Այդ բալանսը դժվար էր գտնել: Մենք հասկացանք, որ պետք է օրինակով ցույց տալ այդ ամենը: Շնորհակալ եմ շվեյցարացի մեր գործընկերներին, ովքեր ընկալեցին այդ ամենակարեւոր  խնդիրը»,-ընդգծել է նա:

    Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում կարեւորել է  ծրագրի նշանակությունը հանրապետության եւ նրա տնտեսության համար: 

    «Էկոզբոսաշրջության զարգացման յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ուղղակի եւ անուղղակի կերպով առնչվում է տարբեր ոլորտների հետ: Դա  բնության ու պատմամշակութային ժառանգության պահպանումն է, ենթակառուցվածքների եւ հյուրանոցների ցանցի արդիականացումն ու ընդլայնումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, տեղական արտադրության խթանումը, ծառայությունների ոլորտին նոր որակ հաղորդելը, տարբեր երկրների հետ կապերի զարգացումն ու խորացումը, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելը եւ այլն: Բնական է, որ ծրագրի իրականացումն իր դրական ազդեցությունը կունենա մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա»,-նշել է նա:

    Նյութի մանրամասները՝ banks.am կայքում:

    Загрузка...