ՀՀ Նախագահի մրցանակի համար ուժերն են չափել նախադպրոցական հիմնարկները

    439
    Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ նախա-դպրոցական տարիքի երեխաների մասնակցությամբ անցկացվել է նոր մարզական մասսայական միջոցառում ՀՀ Նախագահի մրցանակի համար, որին ներկա է գտնվել նախարար Գաբրիել Ղազարյանը:
    ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են ՀՀ ֆինանսների նախարարության մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ), որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի՝ մրցույթի 2-րդ փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված 11 նախադպրոցական հիմնարկների 110 երեխաներ:
    Նախարարը ողջունել է ներկաներին այս տոնական միջոցառման առիթով և նշել, որ բարձրագույն սպորտում լավ արդյունքներ ունենալու համար պետք է երեխաների և պատանի մարզիկների հետ աշխատել դեռ վաղ հասակից: «Շատ կարևոր է նաև նրանց մեջ սպորտի նկատմամբ հետաքրքրություն սերմանել, և դա արվում է հենց ֆիզկուլտուրայի միջոցով: Ֆիզկուլտուրայով կարելի է զբաղվել ամենավաղ տարիքից և սկսել պետք է հենց մանկապարտեզից: Մանկապարտեզում են մեր երեխաները սկսում կուտակել մարզական ամենատարրական գիտելիքները՝ վազելու, թռչկոտելու, մագլցելու միջոցով: Սա նաև առողջություն է և շարժունակություն: Այսօր այստեղ ներկա երեխաների շարքերում են մեր ապագա օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները: Այսօր այստեղ նրանք մեկընդմիշտ մտերմանում են սպորտի հետ: Եվ այսօր՝ այստեղ նրանց մեջ ձևավորվում է թիմային պայքարի, միասնականության ոգին, որը նրանց ուղեկցելու է իրենց ողջ կյանքի ընթացքում: Այո՛, այդպիսի հզոր ուժ է պարունակում սպորտը»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:
    Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած բոլոր թիմերը ստացել են մարզագույք, երեխաները՝ մարզական հագուստ, իսկ մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված նախադպրոցական հիմնարկները պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի հավաստագրերով, գավաթներով և դրամական մրցանակներով:
    ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական հիմնարկը, 2-րդ տեղն է զբաղեցրել ՀՀ Կոտայքի մարզի նախադպրոցական հիմնարկը, իսկ 3-րդ տեղը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի նախադպրոցական հիմնարկը:
    Загрузка...