Անասնապահության զարգացման համար աջակցություն կցուցաբերվի

    104

    Կառավարության որոշմամբ Խնձորեսկ և Արտաշավան համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքերը և գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի պահանջների իրականացման նպատակով: Ծրագրի հիմնական նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Ծրագրով, այլ միջոցառումների թվում, նախատեսվում է նաև աջակցություն համայնքներում և ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին` կենդանիների առողջության պահպանման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, արհեստական սերմնավորման աշխատանքները բարելավելու նպատակով: 
    Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել են կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները. արդյունքում՝ հանրապետությունում կստեղծվի հավաստի տվյալների բանկ, ինչն էլ կնպաստի նաև պետպատվերի շրջանակում հակահամաճարակային անասնաբուժական միջոցառումների լիարժեք իրականացմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանը: 
    Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սևանա լճի շրջակայքում` Ծովագյուղ Արտանիշ հատվածի լեռնալանջերին պաշտպանական անտառաշերտի հիմնադրման նպատակով: Անտառապատումն էապես կնպաստի Սևանա լճի սանիտարական, էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը: