Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների

    717

    «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» պահանջներին համապատասխան, ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ս.թ. նոյեմբերի 23-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ իրականացնում է ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։
    Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն՝
    ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է՝ նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).
    բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
    գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).
    դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճեների համարները (եթե այդպիսիք առկա են) և մեկ լուսանկար (3X4 չափի)։
    Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճեն, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը։
    Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի՝ պետական մարմնում հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ-ի տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը։
    Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում՝ տվյալ ժամկետով։
    Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր։
    Ուշացումով՝ ս.թ. դեկտեմբերի 21-ից հետո ներկայացվելիք դիմումներին ընթացք չի տրվի։

    Загрузка...