Սամվել Ալեքսանյանի անվճար ակցիան

    358

    ԱԺ արտահերթ նիստի չորրորդ օրը չի տարբերվում նախորդներից, այսօր էլ ստվերային կոալիցիայի Հանրապետական ու Բարգավաճ պատգամավորները եկան-տեսան-քվեարկեցին ու գնացին, ըսնդ որում քվեարկեցին գործընկերների փոխարեն: Այդ պատգամավորներն էին՝ Աշոտ Արսենյան, Ռոբերտ Սարգսյան, Արմեն Կարապետյան, Ալեքսան Պետրոսյան, ԲՀԿ-ից Արշակ Մխիթարյանը։

    Իրենց պարտքը կարատելուց հետո այս խավը միմյանց հերթ չթալով լքեց նիստերի դահլիճը։Քվեարկություններից հետո ԱԺ-ն սկսեց քննարկել «Երկաթուղային տրանսպորտի մասին» նախագիծը: Ամբիոնին մոտեցավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ նախքան կխոսեր նախագծից, շնորհավորեց «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանին՝ ծննդյան օրվա առթիվ՝ նիստը վարող Շարմազանովին ըստ էության անհարմար վիճակում դնելով։«Հատուկ շնորհավորանք՝ ընդդիմության կողմից»,- ժպիտով արձագանքեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը: «Ոչ միայն ընդդիմության, այլեւ կարծում եմ՝ իշխանության մեր բոլոր գործընկերների կողմից էր շնորհավորանքը»,- տեղը դրեց Հովհաննես Մարգարյանը: Այսօր ՀԱԿ մյուս պատգամավորները եւս բացակայում էին նիստից:

    Միայն Նիկոլ Փաշինյանն էր գրանցվել, որն էլ նիստի կեսից լքեց դահլիճը: Մինչ դահլիճում ընդդիմությունն ու իշխանությունը փոխադարձ կսմիթներ էին միմյանց շռայլում, միջանցքում ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հավանաբար նախատոնական ակցիա իրականացրեց եւ անվճար հարցազրույց տվեց լրագրողներին։ Շաբաթներ առաջ նա խոստացել էր, որ միայն հինգ հարյուր եվրոյի դիմաց է իր մտքի գոհարներով կիսվելու, նա սրբորեն պահում էր այդ ուխտը, որը խախտեց ի վերջո։ Նա նեղսրտեց լրագրողների վատ-վատ հարցերից «Ցավդ տանեմ, ես որ ձեզ հարցազրույց եմ տալիս, ձեր սայթերի ռեյտինգը բարձրանում ա։ Հիմա նենց արեք, որ դրանից հա՛մ դուք օգտվեք, հա՛մ ես օգտվեմ»։

    Բայց ընկել էր պիտի քաշեր ու պատասխանեց ասելով, որ Մալաթիայում միայն հանրաքվեի քարոզարշավի ընթացքում չէ, որ ինքը լավաշ է բաժանել բնակիչներին, արդեն մի քանի տարի է, որ նա նմանատիպ բարեգործությամբ է զբաղված։ Հետո հիշեց, որ ինքը ոչ մի բան չունի, իր ամեն ինչ իր կնոջն է ու միանգամից ուղղեց իրեն , ասաց, որ ոչ թե անձամբ ինքն է բաժանում այդ լավաշը, այլ իր ցուցումով, իր անունից են բաժանում։ Ի դեպ, լավ կլիներ, որ Սամվել Ալեքսանյանը այս հարցում սկզբունքային մնար ու չխախտեր հարցազրույցներ չտալու ուխտը: Վատ չէր լինի նաեւ, որ եթե նրա օրինակին հետևեն դարձյալ մի քանի «զվյոզդը» տարած պատգամավորներ ու օլիգարխներ, գոնե այդ ժամանակ կարելի է հուսալ, որ ինչ-որ պահից սկսած լրատվական դաշտը կգնա ինքնամաքրման, իսկ երկրի վերնախավն էլ նվազագույնի կհասցնի խայտառակ դատողություններից վարկաբեկված լինելու ռիսկերը: Թեպետ մեծ հաշվով նրա եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունների միջեւ զգալի տարբերություններ չկան։

    Անի Սահակյան

    Նյութի աղբյուր՝ hayeli.am