Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին՝ Ղարաբաղի դիմաց

    617

    hayeli.am-ը գրում է.

    «Քանի դեռ Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներում են, չեն լռի զենքերը, չի լինի հետևողական խաղաղության ապահովում», – Բաքվում ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
    Խոսելով հրադադարի ռեժիմի խախտումների մասին՝ Մամեդյարովը նշել է. «Պատերազմն արդեն 20 տարի շարունակվում է, շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նման է առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին: Հայկական զինված ուժերի դուրս բերումը ադրբեջանական զինված տարածքներից, նրա խոսքով, «կարող էր վերացնել լարվածությունը, բարենպաստ հող ստեղծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»:

    Ապա` նա կոչ է արել ակտիվացնել աշխատանքը բանակցությունների սեղանին դրված առաջարկների վրա՝ ԼՂ հակամարտությունում ստատուս քվոյի փոփոխության համար. «Հայաստանն ավելի քան 20 տարի չի օգտվել այդ հնարավորությունից»:
    Ու սա խոսում է մի երկրի ԱԳ նախարար, որի երկրին միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել շփման գծում լարվածությունն ու մեծ ջանքերով համոզում են մասնակցել հերթական բանակցությունների:

    Բնականաբար, Մամեդյարովը չի անդրադարձել վերջին ամիսներին քննարկվող՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը Բեռնում կայացած Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիև հանդիպման օրակարգային հարցերից էր: Բեռնի հանդիպման մասին Մամեդյարովն ասել է միայն, թե դա «նշանակալի իրադարձություն» էր:

    Այնուհետև Մամեդյարովն ավելի հետաքրքիր թեմա է շոշափել…

    Նա խոսել է Եվրասիական տնտեսական միությանը` ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին՝ ասելով, որ չնայած պաշտոնական առաջարկ չեն, օրակարգում նման հարց չունեն, բայց անդամակցությունը ԵՏՄ-ին չեն բացառում և անգամ ունեն իրենց պայմանները․ «Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ պատասխանելով ռուսաստանյան լրատվամիջոցների այդ հարցին՝ ես օգտագործել եմ «Երբեք մի ասա երբեք» արտահայտությունը և բացատրել եմ, թե դա ինչ է նշանակում: Ես նշեցի, թե ինչպե՞ս կարող է Ադրբեջանը մասնակցել մի կառույցի գործունեությանը, որը նախատեսում է տնտեսական ու մաքսային միություն Հայաստանի հետ, որի հետ հայտնի պատճառներով մենք չունենք որևէ կապ»: Ապա, Մամեդյարովը նկատել է, որ Հայաստանը սահմանակից չէ ԵՏՄ անդամ որևէ երկրին, և հիմնական տրանսպորտային ուղիները, որոնք Հայաստանը կապում են միության անդամ մյուս երկրների հետ, անցնում են Ադրբեջանով՝ եզրահանգելով․ «Դրա համար էլ առաջին հերթին պետք է լուծում տալ ադրբեջանական տարածքների վերադարձման խնդրին»:

    Փաստորեն, Ադրբեջանը բավական ուշագրավ «տրյուկ» է սկսել խաղացնել հենց այն պահին, երբ միջնորդներն Ալիևից պատասխան են սպասում` համաձա՞յն է Բաքուն սահմանային միջադեպերի ուսումնասիրության:

    Բաքուն Պուտինին փրկության «մեսիջ» է հղում` Ադրբեջանը կարող է մտնել ԵՏՄ, եթե Ղարաբաղը տաք Ադրբեջանին: Այսինքն` Ալիևը Պուտինին մտորելու թեմա է տալիս հենց այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը կոշտ դիրքորոշում է որդեգրել Ալիևի իշխանության նկատմամբ:
    Դեպի Մոսկվայի գիրկը գնալու պայման, փաստորեն, առանց թաքցնելու Ադրբեջանը նշում է Ղարաբաղի խնդրի ադրբեջանանպաստ լուծումը:

    Մետաքսյա Շալունց

    Загрузка...