Ընտրվել է այն երգը, որը Իվետա Մուկուչյանը կներկայացնի «Եվրատեսիլ-2016»-ին

    824

    Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բավականին բարդ ընտրություն է անցկացրել և արդյունքում ընտրել է այն երգը, որը Իվետա Մուկուչյանը կներկայացնի «Եվրատեսիլ-2016»-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

    «Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ վերջին ամիսների ընթացքում ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից և, իհարկե, Հայաստանից: Եվ պետք է նշեմ, որ իսկապես մեզ ոգեւորում էր մրցույթի եւ այս տարվա հայաստանյան մասնակցի նկատմամբ առկա հետաքրքրությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ակտիվորեն ուղարկել են մեզ տարբեր երգեր: Այնուամենայնիվ, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բավականին բարդ ընտրություն է անցկացրել, որի արդյունքում առանձնացրել էր լավագույն 2 երգերը՝ մեկը Շվեդիայից, մյուսը՝ Հայաստանից»,- տեղեկացրեց Գոհար Գասպարյանը:

    «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշեց, որ վերջնական երգն արդեն ընտրված է: «Կարծում ենք, որ Իվետայի երկրպագուներին շատ չենք սպասեցնի: Երգը եւ տեսահոլովակը երկրպագուների դատին կհանձնվի միասին»,-շեշտեց Գոհար Գասպարյանը` հավելելով, որ այլ մանրամասների մասին հայտնի կդառնա առաջիկայում Հանրային հեռուստաընկերության և Իվետա Մուկուչյանի սոցիալական ցանցերի միջոցով:

    armenpress.am

    Загрузка...