Եթե Ալիևի ռեժիմի համար իրավիճակն աղետալի դառնա, նա կարող է շահարկել ղարաբաղյան խաղաքարտը. Թոմաս դե Վաալ

    405

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փաստացի ոչնչացրել է ընդդիմությունը:

    Այս մասին carnegieeurope.eu կայքում հրապարակված «Ադրբեջան 2016. բոլոր պայմանները կատարյալ փոթորկի համար» հոդվածում գրել է հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը, որի մասին տեղեկանում ենք artsakhpress.am կայքից:

    Նրա խոսքով, վերջին երկու տարիներին ռեժիմի բազմաթիվ քննադատներ են ձերբակալվել. իրավապաշտպաններ, լրագրողներ, երիտասարդ ակտիվիստներ:

    «Ընդամենը 10 տարի առաջ Ադրբեջանում քաղաքական կյանքը չափազանց աշխույժ էր, եւ դա կարողացավ կանգնեցնել միայն հզոր նախագահ Հեյդար Ալիեւը: Բայց նրա որդուն՝ 2003 թվականից կառավարող Իլհամին, չհաջողվեց կրկնել հոր ուղին: Նա հանդես է գալիս ոչ թե բացարձակ միապետի դերում, այլ ավելի շատ հավասարների միջեւ առաջնորդի, դատավորի, որը լուծում է բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ վեճերը, որոնց մեծ մասը միաժամանակ հաջողակ պետական կապիտալիստ է դարձել»,- նշել է Թոմաս դե Վաալը:

    Ըստ փորձագետը, ադրբեջանական ռեժիմն արդեն այնքան էլ միատարր չէ, որքան առաջ: Անցյալ տարվա հոկտեմբերին պաշտոնազրկվեց Էլդար Մահմուդովը, որը երկար տարիներ զբաղեցնում էր երկրի ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: Նրան հետեւեցին նաեւ այլ պաշտոնազրկումներ: Պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն, Մահմուդովն ու նրա ազգականը՝ Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարը, բյուջետային միջոցների հափշտակման սխեմա էին մշակում: Մեկ այլ վարկածի համաձայն էլ, Մահմուդովը գաղտնի հետեւել է իր գործընկեր-նախարարներին եւ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներին:

    «Միաժամանակ, վատթարանում է նաեւ միջազգային իրադրությունը: Ադրբեջանն առճակատման գնաց ԱՄՆ-ի դեմ. փակեց երկրում գործող գրեթե բոոր ամերիկյան կազմակերպությունները՝ «գունավոր հեղափոխություն» նախապատրաստելու մեղադրանքով: ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է մարդու իրավունքների խախտման համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունն Ադրբեջանին անհարմար դրության մեջ է դնում, քանի որ երկու երկրներն էլ նրա խոշորագույն միջազգային գործընկերներն են: Դեռեւս անցյալ տարի Ալիեւը Բաքվում ջերմ ընդունելություն կազմակերպեց Պուտինի եւ Էրդողանի համար: Եվ, վերջապես, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը եռակի հարված էր Բաքվի համար: Նախ՝ Ադրբեջանը չի կարող իրեն Արեւմուտքին որպես թշնամական Իրանի դեմ պայքարի պատվար ներկայացնել: Երկրորդ՝ պատժամիջոցների չեղարկումն ուժեղացնում է Իրանի դիրքերը, որն Ադրբեջանից բազմաթիվ պահանջներ ունի: Երրորդ՝ պատժամիջոցների չեղարկումը նշանակում է նավթի գների անկում: Վրաստանում արդեն խոսակցություններ են պտտվում Հայաստանի տարածքով Իրանից գազի մատակարարման շուրջ՝ Ադրբեջանին զրկելով այդ ոլորտում ձեռք բերած մենաշնորհից»,- նշել է փորձագետը:

    Նրա խոսքով, ընդհանուր պատկերը լրացնում են անկայունության եւս երկու հզոր պոտենցիալ աղբյուրներ: Առաջինը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն է: Վերջին մի քանի տարիներին հրադադարը, որի շուրջ կողմերը համաձայնություն են ձեռք բերել 1994 թվականին, ավելի ու ավելի վատ է պահպանվում: Ադրբեջանն ավելացրել է սպառազինությունները եւ ավելի ռազմատենչ հայտարարություններ է անում Հայաստանի հասցեին: Եթե ադրբեջանական ռեժիմի համար իրավիճակը հուսահատ դառնա, կարող է բոլոր ադրբեջանցիներին համախմբել իշխանության շուրջ եւ ռազմական գործողություն սկսել՝ կորցրած տարածքները վերադարձնելու համար: Հայաստանը ստիպված կլինի պատասխանել, եւ Կովկասում լայնածավալ պատերազմ կսկսվի:

    Ռիսկի երկրորդ գործոնն իսլամականներն են: Երբ խոսք է գնում ադրբեջանական քաղբանտարկյալների մասին, արտասահմանում ամենաշատն ուշադրություն են գրավում արեւմտամետ ակտիվիստները (դեկտեմբերի 28-ին նրանցից մեկին՝ հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին, 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտեցին, իբր, Հայաստանի օգտին լրտեսության համար): Սակայն Ադրբեջանում քաղբանտարկյալների մեծ մասը դատապարտված է ռադիկալ քաղաքական իսլամի համար: Նրանց թվում կան ինչպես Նարդարան գյուղից շիաներ, որտեղ իրանամետ տրամադրություններ են տիրում, այնպես էլ սուննիներ, որոնց մեղադրում են ԻԼԻՊ-ին համակրելու համար:

    «Անցյալ տարի Ադրբեջանի կառավարությունը բյուջետային կանխատեսումներն արել է՝ ելնելով 50 դոլարի չափով նավթի գնից: Հիմա նախագահ Ալիեւը ստիպված է համաձայնություն ձեռք բերել գրեթե երկու անգամ ցածր գնից դժգոհ մի քանի խմբերի հետ»,- փաստել է Թոմաս դե Վաալը:

    Загрузка...