Նորանշանակ դատավորների գույքն ու եկամուտը

    572

    hetq.am-ը գրում է.

    Դատական համակարգում տեղի են ունենում փոփոխություններ: Թոշակի գնացած դատավորների փոխարեն նշանակվում են նոր՝ երիտասարդ դատավորներ, իսկ մարզերում աշխատողներին տեղափոխում են Երևան:

     

    Սարգիս Երիցյան

    Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունվարի 8-ին նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

    Ս. Երիցյանը լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին է: Նա դատավորի կարիերան սկսել է 2011 թ-ից՝ հենց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

    Այս տարիների ընթացքում երիտասարդ դատավորը բավականին հարստացել է, ստացել է մի քանի նվերներ:

     

         

    Ըստ Սարգիս Երիցյանի գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ 2011թ. նրա հաշվին եղել է 1 մլն 21 հազար դրամ, 38,770 դոլար, իսկ եկամուտները կազմել են 1 մլն  840 հազար դրամ: Ս. Երիցյանի համար ամենաեկամտաբեր տարին եղել է 2014 թվականը:

     

    Նրա եկամուտները կազմել են 34 մլն 123 հազար դրամ և 8 հազար դոլար: Դոլարային եկամուտը, ինչպես նաև 10 մլն 378 հազար դրամը գոյացել է նվիրատվությունից: Ընդ որում՝ 3 նվերներն են արժեցել են 3 մլն 459 հազար 500  դրամ: Իսկ 16 մլն 638 հազար դրամը գոյացել է գույքի՝ MERCEDES-BENZ S 600 L մակնիշի ավտոմեքենայի և բնակարանի վաճառքից:

     

    Այնպես չէ, որ ավտոմեքենան վաճառելուց հետո Սարգիս Երիցյանը երթուղային տաքսիներով է շրջում: Նա ունի ևս 2 ՝ TOYOTA RAV 4 2.0 և TOYOTA COROLLA 1.6 մակնիշի ավտոմեքենա: 2016թ. հունվարի 8-ի դրությամբ դատավորն իր հաշվին ունեցել է 41 մլն 400 հազար դրամ, 41 հազար 800 դոլար և 8000 եվրո: Իսկ հանձնած փոխառությունը կազմել է 104 հազար 281 դոլար:

     

     

     

    Սլավիկ Թորոսյան

     

     

    Հունվարի 8-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել Սլավիկ Թորոսյանը: Վերջինս մինչ այդ եղել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

     

    Ի տարբերություն Սարգիս Երիցյանի` Ս. Թորոսյանի եկամուտներն ու դրամական միջոցները «համեստ» են: Նա տարիներ շարունակ իր հաշվին ունեցել է 30 մլն դրամ, 10 հազար դոլար և 10 հազար ռուսական ռուբլի: Նշված դրամական միջոցները 2011-2014թթ. մնացել են անփոփոխ: 2014թ-ին դատավորը ծախսել է միայն ռուսական ռուբլիները, իսկ 2016թ-ի հունվարի 8-ի դրությամբ՝ 20 հազար դրամը:

       

    Նոր պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սլավիկ Թորոսյանն ունեցել է երկու բնակարան և մեկ հողամաս:

    Սլավիկ Թորոսյանի կնոջ՝ Սուսաննա Սամսոնյանի եկամուտները ևս «կայուն» են: Նա ամեն տարի հայտարարագրել է 11 մլն դրամ և 5 հազար դոլար դրամական միջոց: 2014թ-ին Սուսաննա Սամսոնյանը 11 մլն դրամից ծախսել է  միայն 1 մլն դրամը: Դատավորի կինը տարեկան մոտ 1 մլն 700 հազար դրամի եկամուտ է ստացել աշխատավարձից: