Կվերացվեն ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները

    445

    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
    Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը շնորհավորել է ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական համագործակցության համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում նշանակված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Վարչապետը շնորհավորել է նաև Արմեն Երիցյանին, ով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
    Այնուհետև գործադիրի ղեկավարը նշել է. «Այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման խնդիրը: Խնդիրը Եվրասիական տնտեսական միության համար նոր չէ. Ղազախստանում ևս գործել է նման անցումային սահմանափակում: Խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ և ակտիվ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Հարցը քննարկելով ՀՀ Նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Առաջարկում եմ օրակարգ լրացուցիչ հարց մտցնել Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ»:

    Ըստ այդմ՝ կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը համարվել է անհետաձգելի :

    Загрузка...