Հայաստանում կստեղծվեն էտալոնային լաբորատորիաներ

    618

    Գործադիրի որոշմամբ սահմանվել է էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը՝ ազգային մակարդակում արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների լաբորատոր փորձարկումների իրականացման բարձր մակարդակի ապահովման, փորձարկումների արդյունքների ճշտության վերլուծության և իրավիճակի վերահսկողության նպատակով: Ըստ հիմնավորման՝ ներկայում Հայաստանում բացակայում է էտալոնային լաբորատորիա ինստիտուտը, որի նշանակությունն զգալի է տարբեր լաբորատորիաների կողմից իրականացվող փորձարկման արդյունքների համեմատության, գնահատման արբիտրաժային դերի իրականացման, պետական անվտանգության առումով: Այսպիսով, երկրում բացակայում են արտադրանքի անվտանգության ցուցանիշների գնահատմանն ուղղված փորձարկումների/չափումների տարբեր արդյունքների անհամապատասխանությունների բացասման միջոց հանդիսացող արբիտրաժային, էտալոնային լաբորատորիաները: Կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ միջազգային հավատարմագրում ունեն սակավաթիվ լաբորատորիաներ: Ակնկալվում է, որ միջազգային լավագույն փորձին ՀՀ օրենսդրության մոտարկմամբ, ինչպես նաև էտալոնային լաբորատորիաների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա իր արբիտրաժային լաբորատորիան:
    Կառավարության որոշմամբ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող Ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների ծրագրի շրջանակում խմբակավարների վարձատրությունն ապահովելու նպատակով էկոնոմիկայի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի: Կարևորելով ծրագիրը՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այսօր դպրոցներում գործում է 80 խմբակ, և այս աջակցությունը կուղղվի ևս 80-ի ստեղծմանը, ինչն էլ կնպաստի, որ դպրոցականները կարողանան ՏՏ ոլորտում գիտելիքներ ձեռք բերել: 
    Մեկ այլ որոշմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում «Յուքոմ» ընկերությունը նախատեսում է կառուցել 4G (LTE) սերնդի բջջային ցանց և հզորացնել առկա 2G/3G ցանցը, ինչը թույլ կտա մատուցել առավել բարձր որակի և առավել բազմազան հեռահաղորդակցության ծառայություններ, այդ թվում՝ մինչև 375 Mbps արագությամբ բջջային ինտերնետ, LTE ստանդարտի ձայնային ծառայություններ, Wi-Fi զանգեր, առաջարկել 4-ը 1-ում փաթեթներ:

    Загрузка...