Պետական մարմինները ոչ թե պետք է տարածքներ վարձակալեն, այլ զբաղեցնեն պետական սեփականություն հանդիսացող տարածքները. վարչապետը հանձնարարական է տվել

    315

    Կառավարության որոշմամբ ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված Երևան քաղաքի Կառավարական N 3 հասցեում գտնվող 29327.8 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, դրա զբաղեցրած և սպասարկման, օգտագործման համար անհրաժեշտ 0.643627 հեկտար մակերեսով հողամասը հետ է վերցվել և ամրացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին: Որոշման ընդունման նպատակն է Երևան քաղաքի Կառավարական 2 և 3 շենք, շինություններում ապահովել պատշաճ մակարդակի սպասարկում:
    Գործադիրի մեկ այլ որոշմամբ Կառավարական N 3 շենքի` ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների նախկին տարածքների ընթացիկ նորոգման և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ էներգետիկային և բնական պաշարների նախարարություններին տրամադրման նպատակով, կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը: Հովիկ Աբրահամյանը հորդորել է վարչությանը գույքի նկատմամբ նաև վերահսկողություն իրականացնել: 
    Հաշվի առնելով, որ Կառավարական N2 նոր մասնաշենք տեղափոխվելու պատճառով ՀՀ սփյուռքի նախարարությունը ժամկետից շուտ՝ 2016թ. փետրվարի 20-ից ազատել է «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ից վարձակալած տարածքը՝ փոփոխություն է կատարվել համապատասխան որոշման մեջ: Այն հնարավորություն կընձեռի վաղաժամկետ լուծել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի միջև կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը: Անդրադառնալով հարցին՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ երեկ այցելել է տարբեր գերատեսչությունների մի քանի շենքեր և ծանոթացել պայմաններին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ բազմաթիվ շենք-շինություններ գտնվում են բարձիթողի վիճակում և ըստ նպատակի չեն օգտագործվում: Միաժամանակ, ըստ նրա, կան գերատեսչություններ, ծառայություններ, ՊՈԱԿ-ներ, որոնք վարձակալում են իրենց զբաղեցրած տարածքները: Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել խնդիրը և հնարավորինս շուտ առաջարկություններ ներկայացնել, որպեսզի գերատեսչությունները ոչ թե վարձակալեն այլ տարածքներ, այլ զբաղեցնեն պետական սեփականություն հանդիսացող տարածքները:

     

    Загрузка...