Բեն Ավետիսյանն այլեւս չի նկարահանվի «Երանի»-ում. Դերասանը պարզաբանում է, թե ինչու

    4753

    NEWS.am STYLE-ը գրում է.

    Դերասան Բեն Ավետիսյանին երկրպագուներն այլեւս չեն տեսնի «Երանի» հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսին` Արամին: Շուտով հեռուստասերիալի երկրպագուներն Արամի դերում կտեսնեն մեկ այլ դերասանի, որի անունը սերիալի անձնակազմը դեռեւս գաղտնի է պահում:

    «Երանիի» երկրպագուներից մի քանիսը` նկատելով, որ վերջին շրջանում Բենը հեռուստասցենարում քիչ է ընդգրկված, արդեն հասցրել են արտահայտել իրենց դժգոհությունը սոցիալական ցանցերում:

    NEWS.am STYLE-ը կապ հաստատեց դերասանի հետ` պարզելու հեռուստասերիալից դուրս գալու պատճառները:

    «Խնդիրներ եղան նկարահանման հրապարակում, որոնց մասին չէի ցանկանա բարձրաձայնել: Ներողություն եմ ուզում խնդրել հեռուստասերիալի երկրպագուներից, որոնք արդեն հասցրել էին սիրել իմ կերպարը, սակայն շուտով նրան կտեսնեք այլ դերասանի կատարմամբ: Ուզում եմ շեշտել, որ բոլորիդ շատ սիրում եմ եւ անչափ շնորհակալ եմ իմ կերպարի եւ խաղի վերաբերյալ դրական արձագանքների համար: Սակայն ինչ-ինչ պատճառներով այլեւս չեմ կարող ձեզ ուրախացնել տվյալ սերիալում իմ ներկայությամբ»,-նշեց դերասանը` հավելելով, որ իրեն դժվար թե այլեւս տեսնենք հայկական հեռուստասերիալներում, քանի որ մի քանի շաբաթից մշտական բնակության է մեկնելու Միացյալ Նահանգներ:

    «Արդեն որոշ առաջարկներ ստանում եմ: Այնտեղի հայկական հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկ ստանալու դեպքում սիրով կընդունեմ եւ ինձ կրկին կտեսնեք եթերում»,-տեղեկացրեց դերասանը` խոստանալով բոլոր նորությունները մանրամասնել առաջիկայում:

     

    Հ.ԳNEWS.am STYLE-ն ու Բեն Ավետիսյանը շնորհավորում են բոլորին` ապրիլի 1-ի առթիվ` մաղթելով, որ օրվան համահունչ անմեղ կատակների ու ժպիտների պակաս այսօր չզգաք: Իսկ հեռուստասերիալի եւ Բենի երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ լուրը չի համապատասանում իրականությանը: Բենը շարունակում է բնակվել Երեւանում եւ նկարահանվել «Երանի» հեռուստասերիալում: Այնպես որ, շարունակեք հետեւել Անիի եւ Արամի գեղեցիկ սիրո պատմությանը 🙂

    Սյունե Առաքելյան

    Загрузка...