16-ամյա հայուհին հայտարարել է, թե իրեն հղիացրել է խորթ հայրը

    344

    1in.am-ը գրում է.

    Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է անչափահաս Վերա Հ.-ի (անունը փոխած է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

    1999 թվականի ապրիլի 14-ին ծնված, 9-ամյա կրթությամբ Վերան, այն բանից հետո, երբ հանրապետական հիվանդանոցում ծննդաբերել ու երեխա է ունեցել, 2015 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, թե 2014 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր Տավուշի մարզի գյուղերից մեկում խորթ հայրը, տեղյակ լինելով, որ իր16 տարին չի լրացել, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ:

    Խորթ հայրիկի մեղքը չի հաստատվել, իսկ Վերային մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

    Ընդհանուր իրավասության դատարանում Վերա Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

    Նախաքննական ցուցմունքներում նա հայտնել է, թե 2015 թվականի ապրիլի 25-ին «Արմենիա» հիվանդանոցում երեխա է ունեցել:

    Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներ են այցելել իրեն, հարցրել են, թե ով է երեխայի հայրը:

    Քանի որ ինքը շփոթված էր, չգիտեր, թե ով է երեխայի «նյութականը հոգալու», դիտավորյալ նշել է խորթ հոր անունը, որպեսզի նա պարտավորված լինի խնամելու իր երեխային:

    Հետագայում զղջացել է կատարածի համար:

    Բացի այդ՝ իր հղիությունը սկսվել է 2014 թվականի օգոստոսի վերջերին, իսկ ինքը օգոստոսի սկզբից Լոռու մարզում է եղել ու կրկին Տավուշի մարզի իրենց գյուղ է գնացել սեպտեմբերի կեսերին, երբ արդեն հղի էր…

    Վերայի մայրը հայտնել է, որ Վերան իր դուստրն է, իսկ տուժողն իր երկրորդ ամուսինն է: Նա գտնվում է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի:

    Իր անչափահաս դուստրը 2015 թվականի ապրիլին «Արմենիա» հիվանդանոցում ծննդաբերել է, ոստիկաններին էլ ասել է, թե իր հետ սեռական հարաբերություններ է ունեցել խորթ հայրը:

    Ինքը համոզված է, որ դուստրը ստել է, քանի որ ամուսինը նրան վերաբերվել է որպես հարազատ աղջկա:

    Վերան իրենց տանը գտնվելու ժամանակ մշտապես եղել է իր տեսադաշտում: Եթե ամուսինը նրա նկատմամբ որևէ արարք կատարեր, ինքը կնկատեր:

    Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Վերան իրեն ասել է, թե ստել է, որովհետև հուսալքված է եղել, խորթ հոր անունը տվել է, որ երեխային խնամող լինի…

    Վերա Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել է 3 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

    Անչափահաս տարիքում մայրացած Վերայի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել… ծնողի հսկողությանը հանձնելը:

    Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազ Ն. Չիլինգարյանը: Նա խնդրել էր բեկանել դատավճիռը, գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, որովհետև ըստ ընդդատության՝ գործը պետք է քննվեր այն տարածքի դատարանում, որտեղ կատարվել է մեղսագրված արարքը:

    Վերան խորթ հոր վերաբերյալ սուտ հաղորդում է տվել Երևանում՝ Մաշտոցի ոստիկանության բաժնում: Եվ ըստ ընդդատության՝ գործը պետք է քննվեր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

    Դատական նիստին ամբաստանյալն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, չէին ներկայացել: Բայց գործի քննությունը նշանակված էր վճռաբեկության կարգով, վերաքննիչ դատարանը լսեց բողոքաբեր դատախազի հիմնավորումները:

    Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազի վերաքննիչ բողոքը:

    Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը բեկանվեց: Գործն ուղարկվեց Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ ընդդատության՝ նոր քննություն կատարելու:

    Загрузка...