Ադրբեջանի հակադոպինգային կազմակերպությունը չի կարողանում վերահսկել դոպինգի դեմ պայքարը իրենց երկրում. Հրաչյա Ռոստոմյան

    116

    Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մեծ պատիվ է համարում  Հայաստանում՝ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովի անցկացումը:

    «Նմանատիպ միջոցառումներն անցկացվում են այնպիսի երկրներում, որտեղ վստահություն կա: Վերջին տարիներին ՀԱՕԿ հսկայածավալ աշխատանք է կատարում հակադոպինգային կազմակերպության հետ համատեղ: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում, Ծաղկաձորում  հյուրընկալելու արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության համաժողովը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ինքն է իր օրինակով ցույց տալիս, որ հնարավոր է արդար կերպով իրենց ուզածին հասնել»,-ասաց Ռոստոմյանը:

    Խոսելով Ադրբեջանի՝ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունից դուրս մնալու մասին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը շեշտեց. «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունից դուրս մնալը ապացուցում է, թե ադրբեջանական սպորտը ինչ կարգավիճակում է: Ի ուրախություն մեզ և ի տխրություն նրանց՝ այդ ամենը չեն արել հայերը: Ադրբեջանի դուրս մնալը երկար գործընթաց էր և կապ չունի այն հանգամանքի հետ, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում: Ադրբեջանի հակադոպինգային կազմակերպությունը չի կարողանում վերահսկել դոպինգի դեմ պայքարը իրենց երկրում»:

    Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության երկօրյա համաժողովին մասնակցում են Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Հայաստանի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի հակադոպինգային կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովի հիմնական նպատակը՝ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության անդամ պետությունների համագործակցության բարելավում է: Համաժողովը ղեկավարում է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

    ՀԱՕԿ լրատվության բաժին