Ահա թե ովքեր են կասկածվում զինվորի համար նախատեսված գումարի հափշտակման մեջ

    450

    Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մնացական Մարտիրոսյան) մայիսի 1-ին երկու ամսով կալանելու որոշում է կայացրել 21-ամյա Գոռ Մ.-ի, 22-ամյա Հայկ Ս.-ի եւ 21-ամյա Բաբկեն Շ.-ի նկատմամբ:

    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 29-ին այս գործով ձերբակալվել էր  3 անձ:

    Նախնական տվյալներով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, նրանք ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել Ամիրյան 26 հասցեում գտնվող «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի շենք, որտեղից հափշտակել են կիթառ՝ իր պատյանով, 2 համակարգիչ, ՊՈԱԿ-ին պատկանող՝ հանգանակված գումար, որը նախատեսված է եղել Արցախի Հանրապետության օգնության համար, տարբեր այլ իրեր ու դիմել փախուստի, երբ տեսել են, որ թատրոնի պարետն իրենց նկատել է։

    Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով:

    Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

    Shamshyan.com-ի փոխանցմամբ, կալանավորվածներից երկուսը նույն թատրոնի նախկին ուսանողներ են:

    Загрузка...