Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը փայլուն զարգացում է ունեցել

    483
     Համաշխարհային ցեղասպանագիտության զարգացման գործում իր նշանակալի ներդրումն է ունեցել իսրայելցի հետազոտող,Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին: «Արմենպրես»-ը պրոֆեսոր Չարնիի հետ զրուցել է Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերի և ժխտողականության շուրջ:

    –  Պրոֆեսոր Չարնի, Դուք երկար տարիներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեծ աջակից եք եղել: Ինչպե՞ս կգնահատեք այդ գործընթացը ներկայումս:

    – Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը փայլուն զարգացում է ունեցել` նշանակալի, սակայն ոչ ամբողջական արդյունքներով ողջ աշխարհում: Կարծում եմ, մեր ջանքերը պետք է շարունակվեն, հատկապես մեզ խորապես անհանգսատացնող երկու երկրների` ԱՄՆ-ի և Իսրայելի պարագայում: Սակայն, ես միաժամանակ համաձայն եմ Հարութ Սասունյանի հետ («Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր.- հեղ.), որ արդեն ժամանակն է, հիմքը կա, որպեսզի հայերը իրավական խողովակներով դատական հայցեր նախաձեռնեն փոխհատուցում ստանալու համար և ոչ միայն ճանաչում:

    – Ի՞նչ եք կարծում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդյոք կպարտադրի Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ:

    – Դա, անշուշտ, չի խանգարի: Իմ կարծիքով, Թուրքիայի միջազգային իմիջը և կարգավիճակը գնալով անկում են ապրում: Այնուամենայնիվ, ով գիտի ինչ հետագա զարգացումներ կլինեն Թուրքիայում: Էրդողանը, իր ֆաշիստական վերահսկողությունը պահպանելու համար, այնքան մարդկանց է հետապնդում անհնազանդության մեղադրանքներով, որ մնում է միայն աղոթել, որ մի օր ինքն իր դեմ հանրային դիմադրություն բարձրացնի:

    – Որպես ցեղասպանագետ ինչպե՞ս կբացատրեք թուրքական կողմից ժխտողականության ֆենոմենը:

    – Ինձ համար դա տարբեր շարժառիթների ամբողջություն է` սկսած ամենամութ շարժառիթներից (էթնիկապես առավել բարձր լինելու պնդումները), որոնցով ցեղասպանությունը սկսեց և որոնք դեռ չեն անցել, շարունակելով որպես ազգ և մշակույթ ամոթի զգացողությունից պաշտպանվելու կոլեկտիվ հուսահատ հոգեբանությամբ, և ի վերջո այն դինամիկան, որ կա շատերի մոտ` արմատացած այն միտքը, թե աշխարհի կազմակերպման ձևում պետք է պայքարել ցանկացած փոփոխության դեմ: Վերջապես ժխտողականությունը թուրքերին ստիպում է երևալ որպես հիմարներ և ֆաշիստներ:

    – Ինչպիսի՞ դեր կարող է խաղալ ճանաչումը հետագա ցեղասպանությունների կանխարգելման գործում: Չ՞է որ այսօր էլ տեսնում ենք ցեղասպանություն և զանգվածային սպանություններ Սիրիայում:

    – Որքան ավելի շատ մարդկային քաղաքակրթությունը հաստատի ազնիվ պատմության և ոչնչացման քայլերի ճանաչման կոդեր, այնքան ավելի լավ կլինի մեր մոլորակի համար, որն արդեն իսկ ողբերգական կերպով նմանվում է վերահսկողությունից դուրս եկած հոգեբուժարանի:

    – Դուք նաև կողմ էիք արտահայտվում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` չնայած դա այդպես էլ իրականություն չդարձավ: Ինչպե՞ս դա կբացատրեք: Որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնք թույլ չեն տալիս Իսրայելին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

    -Աստված իմ: Որպես երկիր մեր ամոթն իրականում շարունակվում է և նույնիսկ խորանում` չնայած այն հանգամանքին, որ մենք` ժողովուրդը, ինչպես նաև մեր նախագահ Ռիվլինը ցույց ենք տվել գրեթե լիակատար աջակցություն Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Օրինակ՝ Հաարեցը կրկին հրապարակել էր Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով մի նշանակալի հոդված: Ինձ նաև տեղեկացրեցին Times of Israel էլեկտրոնային թերթից, որ իրենք ևս կհրապարակեն իմ հոդվածը, որում ես դեմ եմ արտահայտվում Իսրայելի կողմի Հայաստանի թշնամուն ցանկացած զենքի վաճառքին: Մեր համակարգում մեղավորը կառավարությունն է, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունը: Նրանք ինձ շատ հստակորեն հիշեցնում են ԱՄՆ-ի պետական դեպարտամենը, որը համառ դիմադրություն էր ցույց տալիս Հոլոքոստի օրերին Եվրոպայում հրեաներին օգնելուն («Իմ անհաջողությունն այն է, որ սրանք հենց այն երկու երկրներն են, որոնց քաղաքացիությունը ունեմ»,- ավելացնում է պրոֆեսորը.- հեղ.): Իսրայելի կառավարության քաղաքական նկատառումների տեսանկյունից, իհարկե, շահեկան են հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք երկուսն էլ, իմ կարծիքով, վստահելի չ են, էլ չենք խոսում ցեղասպանության հարցի մասին: Համոզված եմ, որ բարոյական սկզբունքը պետք է գերակայի ցանկացած քաղաքական նկատառման շահերի հանդեպ:

    Загрузка...