ՀՀ ԶՈւ-ն զինտեխնիկայով համալրելը չի սկսվել միան ռուսական վարկով ու չի ավարտվում միայն դրանով. Արծրուն Հովհաննիսյան

    610

    Հայաստանը զինտեխնիկայով համալրվում է ոչ միայն ռուսական վարկի շրջանակներում, այլև դրանից դուրս:

    Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
    Հարցին՝ ռուսական վարկի շրջանակներում Հայաստան մատակարարվելիք սպառազինության ո՞ր մասն է հասել, ե՞րբ է Երևան հասնելու սպառազինությունն ամբողջությամբ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ: Դա չի սկսվել միան վարկով ու չի ավարտվում միայն վարկով: Դեռ տարիներ առաջ բազմիցս հայտարարվել էր, որ ՀՀ-ն պլանային կերպով անցնում է բանակի վերազինմանը: Այն ժամանակ վարկի մասին խոսք լինել չէր կարող: Այդ ժամանակ, եթե կհիշեք, ձեռք էր բերվել զենք, ծավալների աննախադեպության վերաբերյալ եղան անգամ հրապարակումներ:

    Կա նաև առանձին աշխատանք վարկի մասով: Դրա շրջանակներում ևս մատակարարվում են այլ զենքեր: Ընդ որում, զենք չէ, այլ՝ զինատեսակներ են: Մեծ թվով զենքերի տեսականի կա: Ու ոչ միայն զենքերի: Ե՞րբ կլինի ամբողջ զինանոցի մատակարարումն, ասելու իրավունք չունեմ, գաղտնիք է: Բայց այդ վարկով դրանից դուրս զենք զինամթերքի համալրումը չընդհատվող, մշտական գործընթաց է»:

    Դիտարկմանը, թե ռուսական կողմը, խախտելով պայմանագիրը, հրապարակեց զենքի տեսակներն ու այդպես էլ պարզ չդարձավ՝ ե՞րբ են դրանք ամբողջապես տեղափոխվելու Հայաստան, խոսնակը պատասխանեց. «Գործընթացը վաղուց է սկսվել: Ինչ է մատակարարված, ինչքան է մատակարարված, չեմ կարող ասել: Եթե ասվում է, որ 80-ականների զենքով ենք կռվում, ավելին՝ մենք 60-ականների զենքով էլ հաղթանակ ենք տանում: «Գռադ» տեսակի համազարկը 60-ականների է: Հատկապես ռուսական զինանոցում եղած զենքերը 60-ականների են: 80-ականների զենք չի նշանակում անպայման հին»:

    Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված քննադատությանը՝ զինվորների անձրևանոցների բացակայության մասին, Հովհաննիսյանը հերքեց, ասաց, որ հայ զինվորները անձրևանոցի, հագուստի, զենքի խնդիր չունեն: «Ինչքան էլ սիրուն է հնչում, գեղեցիկ, իրականում առանց զենքի հաղթանակ չի լինում: Ինչքան ուզում եք քննադատեք, մեր բանակը հաղթել է, իր խնդիրը կատարել է ու հայտարարությունները, որ էս է, էն է, առնվազն լուրջ չէ: Եթե ԶՈւ-ն չունի համապատասխան ղեկավարման հնարավորություն, եթե շղթան հստակ չի աշխատում, մի տեղ կտրվեց, հաղթանակ չի կարող լինել»,- նշեց նա:
    Հարցին՝ արդյո՞ք զինվորի մարտական ոգուն չեն վնասում հայտարարությունները հողերի վերադարձի կամ տարածքներ տալու մասին, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը իրավասու չէ պատասխանել բանակցությունների մասով, իսկ դրանց ազդեցությունը ռազմաճակատում կանգնած զինվորի վրա, բնականաբար, շրջանցելի չէ: «Մեր զինվորի մարտական ոգին շատ բարձր է, ես՝ ինքս, լինելով շատ տեղերում, տեսնում եմ, որ մեր զորքն իր առջևից տեսնում է փախչող հակառակորդին: Միայն կարող եմ ասել մի բան. Զորքերը, որտեղ կանգնած են, ինչի համար կանգնած են, մի քայլ անգամ զիջելու մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ բանակի պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է:
    «Մեր զորքն իրեն զգում է շատ վստահ, որովհետև հաղթած զորք է: Զինվորը վստահ է իր խնդրի վրա, ամեն օր ստանում է իր համար անհրաժեշտ զենքը, փամփուշտը, սնունդը, հանդերձանքը: Զորքն անցել է իր բնականոն աշխատանքին: Ու անիմաստ հարցերով պետք չէ բեռնել նրանց: Հորդորում եմ, խնդրում, որ քանի դեռ իրավիճակը մարտական է, պատերազմական, չանենք սա: Հետո որևէ մեկը խնդիր չունի ինչ-որ բան թաքցնելու»,- նշեց Հովհաննիսյանը:

    Загрузка...