Մեր հատուկ ջակատայինները Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տան դռան շեմքին գցել են սպանված ադրբեջանցի գնդապետի ուսադիրը

    642

    Blognews.am-ը գրում է․

    Արցախի նախագահ Բակո Սահակյանը  մայիսի 8-ին  կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու  «Արցախի հերոսի կոչում»  շնորհեց: Սա բացառիկ պարգևատրում էր, քանի որ առաջին անգամ է, որ նման բարձր պարգևի է արժանանում կրտսեր սերժանտը:

    19-ամյա  Ռոբերտ Աբաջյանը քառօրյա պատերազմի ժամանակ համառ կռիվ էր մղել հակառակորդի դեմ, իսկ վերջին նռնակով պայթեցրել ինքն  իրեն ու իրեն շրջապատած ադրբեջանցի հատուկջոկատայիններին:

    Այսօր  Blognews.am-ն այցելեց Աբաջյանների  ընտանիքին:

    Մանումենտցի Կյաժի (այսպես էին  անվանում Ռոբերտին նրա ընկերներն ու ընտանիքի անդամները) տունը գտնելը  դժվար չէր:  Փողոցը, որտեղ գտնվում էր Ռոբերտենց  տունը, լի էր  մարդկանցով: Հերոսի ընտանիքին այցի էին եկել  լրագրողներ,  հարազատ մարդիկ, Ռոբերտի ընկերները և պարզապես անծանոթ մարդիկ, ովքեր եկել էին իրենց  խորին շնորհակալությունն ասելու հերոս ծնած և դաստիարակած ծնողներին:

    Մեզ դիմավորում է Ռոբերտի հայրիկի ընկերը` պարոն  Դավիթը.

    «Եթե Ալիևն ուզում է իր գնդապետի պագոնները տեսնի, պետք է գա ու հասնի Ռոբերտի տան դիմաց,- ասում է նա ու մատնացույց  անում  դռան դիմացի կտորի վրա գցած ուսադիրը,- սա  սպանված գեներալի ուսադիրներ են, դին հանձնելուց  մեր հետախույզները  պահել են, որ բերեն   այստեղ  դնենք ու հերոսի տուն մտնող  յուրաքանչյուր հայ  քայլի դրա վրայով: Սա մեր սրտի  հովանքն է»:

    IMG_8798 copie copie

    Ռոբերտի հայրը որդու մասին խոսքը սկսում է  «Կյաժ ջան, մեզ հերոսի պապա, մամա դարձրեցիր» արտահայտությամբ, ու խոսքի ընթացքում հաճախ կրկնում նույնը:

    «Նա գիտեր ուր է գնում ու ինչի համար է ծառայության մեկնում,  գիտակից մարտիկ էր:  Այդ օրը չէ, որ  դարձավ հերոս Ռոբերտ Աբաջյան,  մինչ այդ էլ զինվոր էր, իր հողի ու իր երկրի տերը: Ռոբերտն ու իր հերոս ընկերներն ի չիք դարձրեցին Ալիևի բոլոր պլանները:  Ինքն իրեն չպայթեցրեց, նա պայթեցրեց Ալիևի պլանները: Մեր հերոս տղաներն իրենց կյանքի գնով կանխեցին այդ հանցագործ ոտնձգությունը մեր հողերի հանդեպ ու Մարտակերտի գրավումը: Հպարտ եմ, որ հերոսի հայր եմ, ամբողջ աշխարհը ճանաչեց իմ որդուն, ու հետագայում պետք է սերունդներ դաստիարակվեն նրա օրինակով: Ինչքան էլ երեխա էր նա, միևնույն ժամանակ իսկական տղամարդ էր: Ես հնարավորություն ունեի տղայիս բանակից ազատելու, բայց դա տղամարդու արարք չէ: Ծառայությունն է տղայի համար: Իմ որդին ծառայեց, ապրեց շատ կարճ, բայց ապրեց մեզ երկար ապրեցնելու համար: Ու ես ուզում եմ, որ անգամ այս դեպքերից հետո, ծնողներն հպարտ բանակ ճանապարհեն իրենց որդիներին, ուրախ ճանապարհեն ու սպասեն նրանց վերադարձին»:

    IMG_8836 copie copie

    Ռոբերտի հետ կռված տղաներն ու նրա հրամանատարները ընտանիքի անդամներին պատմել էին նրանց որդու հերոսական արարքի մասին: Ռոբերտն հակառակորդի դեմ խիզախորեն կռիվ էր մղել մինչև վերջ: Մարտի սկզբից նա հասցրել էր հրամանատարներին տեղեկացնել հարձակման մասին,  ընթացքում կարողացել էր մարտադաշտից խրամատ տեղափոխել իր վիրավոր ընկերոջը, ապա վերադառնալ, շարունակել կռիվը և  ունեցած վերջին նռնակով կյանքից զրկել իրեն ու իր հետ մի քանի ադրբեջանցի հատուկջոկատայինների: Ռոբերտի վերջին խոսքերն են եղել. «Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն, ես նրա մերը»:

    IMG_8806 copie copie

    «Նրա վերջին խոսքերը պատգամ են մեզ համար, կյանքի ուղեգիծ: Եվ եթե ոչ մեկ չլինի, իր հորեղբայրները, իր հայրը, եղբայրը, մայրը, տատիկն ու պապիկը կգնան ու կպահեն Ռոբերտի արյունով  պահած հողը: Մենք պատրաստ ենք պահել այդ դիրքը, ինչ էլ որ մեզ հետ լինի:  Մենք կգնանք ու կընկնենք մեր որդու պահած դիրքում, բայց մի թիզ հող չենք զիջի: Մեր որդին ցույց տվեց, թե ինչպես պետք է ապրի ու սիրի  հայրենիքը հայը»,- ասում է Ռոբերտի  հոր ընկերը:

    IMG_8824 copie copie

    «Մեր սերունդը միշտ թերահավատորեն էր վերաբերվում այս սերնդին, ամեն առիթով ասում էինք ի՞նչ են անելու այս երիտասարդները: Հիմա այս  տղաները մեզ ու աշխարհին ասացին, թե ինչ են անելու ու ինչ  կարող են անել, երբ որևէ մեկը համարձակվի իրենց տանը մոտենալ: Ուրիշին կյանքից զրկելը խիզախություն է պահանջում, բայց ինքն իրեն կյանքից զրկելը կրկնակի խիզախություն է պահանջում: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ` որտեղից իմ տղայի մեջ այդ խիզախությունը»,- ասում է Ռոբերտի տատիկը:

    IMG_8830 copie copie

    Ռոբերտի մայրը շատ դժվարությամբ էր խոսում, հիշում էր որդու վերջին հեռախոսազանգը, նրա կատակները: Հիշում էր, թե ինչպես է որդին վերջին անգամ զանգել ապրիլի 1-ին ու շնորհավորել հայրիկի ծննդյան օրը. «մամ ջան, պապ ջան, հանգիստ քնեք, պոստեր եմ բարձրանում»:

    «Պատերազմական առաջին օրերին  ինքնս ինձ թաքուն հույս էի տալիս, որ գուցե նա դիրքերում չի, գուցե «փախել է», չնայած այդ մտքերով էլ ասես նրան վիրավորեի, որովհետև վստահ էի , որ իմ որդին փախչող չի, որ հնարավոր չի կռիվ լինի, ու նա դրա կենտրոնում չլինի»:

    IMG_8834 copie copie

    Ռոբերտի պապիկը, ով ողջ ընթացքում լուռ հետևում էր մեր զրույցին, միայն մեկ բան ավելացրեց.

    «Մեզ սփոփում է միայն այն, որ դա իր որոշումն  էր, մենք գիտենք, որ հրահանգ է եղել նահանջել, բայց  նա հետ չի կանգնել:  Ամեն ինչ կտայինք, որ նա մեր կողքին լիներ, բայց պետք է հպարտանանք  իր որոշմամբ, դա էր իր ընտրած  ուղին»

    IMG_8831 copie copie

    «Ոչ մեկին պետք  չէ  տարբերել Ռոբերտից, բոլորը մեզ համար Ռոբերտներ են, Տիգրաններ են, Գեղամներ են, այդ դիրքում կռված բոլոր տղաները մեր փրկիչներն են: Նման մարտ անգամ կինոռեժիսորները չեն կարող մտածել ու նկարել, բայց  այդ  պատանի տղաները իսկական զինվորներ են, ովքեր շատ գրագետ կարողացան վարել այդ բարդ մարտը:  4-5 ժամանոց այդ մարտը մեզ մի ամբողջ պատմություն տվեց: Մեր Ռոբերտի ու ընկերների պահած դիրքը պետք է ուխտատեղի դառնա:Յուրաքանչյուր հայ զինվոր պետք է հպարտ լինի ապագայում, որ ծառայելու է այդտեղ ու պահելու այդ սուրբ դիրքը, որի համար կյանքեր են զոհվել:»:

    IMG_8842 copie copie

    IMG_8843 copie copie

    IMG_8844 copie copie

    IMG_8850 copie copie

    IMG_8851 copie copie

    IMG_8853 copie copie

    IMG_8854 copie copie

    IMG_8855 copie copie

    IMG_8856 copie copie

    IMG_8857 copie copie

    IMG_8859 copie copie

    Հ. Գ. Ռոբերտի ընկերները և նրանց հարևանները մեկ խնդրանք ունեին: Նրանք խնդրում են պատկան մարմիններին Ռոբերտ Աբաջյանի անունով անվանակոչել իրենց փողոցը: