Անսպասելի առաջարկ Հայաստանին

    324
    ԵԺԿ ստեղծման 40-ամյակի միջոցառումների շարքում այդ եվրոպական կուսակցության անդամ ՀՀԿ-ի կազմակերպած երեւանյան համաժողովին հղած ուղերձում ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլը արել է չափազանց ուշագրավ մի հայտարարություն: «ԵԺԿ-ի համար շատ կարևոր է այն, որ ամրապնդենք կապերը Հայաստանի ու Եվրամիության միջև, և մենք պետք է նոր ուղիներ գտնենք համագործակցության համար: Մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի անվտանգության իրավիճակ կա տարածաշրջանում, և մենք նպատակ ունենք անդրադառնալ այդ հարցին: Մենք կլինենք ձեր կողքին՝ պաշտպանելու ձեր ազատ և ինքնորոշման ընտրությունը և պայքարելու ժողովրդավարության ու բարգավաճման համար ձեր երկրներում», հայտարարել է Դոլը: 

    Եթե Դոլը գիտե, թե ինչպիսի իրավիճակ է տարածաշրջանում եւ խոսում է ազատ եւ ինքնորոշման ընտրության մասին, ապա պետք է ենթադրել, որ նա խոսում է Արցախի ինքնորոշման մասին: Թեեւ, իհարկե, այդ համատեքստում անկասկած կարեւոր է նաեւ Հայաստանի փաստացի ինքնորոշման հարցը, քանի որ լինելով դե յուրե անկախ եւ ինքնիշխան պետություն, Հայաստանը հատկապես վերջին երկու-երեք տարիներին դե ֆակտո ավելի շատ տեղիք է տվել կասկածել այդ ինքնիշխանությանն ու անկախությանը, քան վստահ լինել դրանում: 

    Եվրամիությունն այն սուբյեկտն է, որն առավել քան մոտիկից է «ծանոթ» այդ վիճակին, քանի որ կա 2013 թ. սեպտեմբերի 3-ը: 

    Տարածաշրջանում, Հայաստանի եւ Արցախի շուրջ անվտանգության իրավիճակը գործնականում սկսեց բարդանալ հենց դրանից հետո, չնայած Հայաստանի իշխանության այն հավաստիացումներին, թե Հայաստանը այդ շրջադարձով դարձել է ավելի անվտանգ: Պարզվեց, իսկ ապրիլյան պատերազմն առավել ցցուն դարձրեց, որ իրականում Հայաստանի այդ քայլից հետո ավելի սանձարձակ է դարձել Ադրբեջանը, ինչն էլ հանդիսացավ ռուս-ադրբեջանական ռազմա-քաղաքական գործարքի առավել անկաշկանդ եւ անարգել բնույթ ստանալու հետեւանքը: 

    Փաստացի, դա մի կետ էր, որտեղ Հայաստանում այլեւս գործնականում բոլորը խոստովանեցին, որ Հայաստանը մնացել է առանց դաշնակցի: Դա իհարկե ունի իր ահռելի առավելությունը, քանի որ ձերբազատվելով դաշնակցային կեղծ պատրանքներից, Ռուսաստանի «փրկիչ» միֆական ընկալումներից, Հայաստանն ու Արցախը կարողանում են լուծել սեփական խնդիրները եւ ապահովել անվտանգությունը: 

    Միաժամանակ, ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում գլոբալ մրցունակությունը, այդ թվում անվտանգության ոլորտում, անհրաժեշտություն է դարձնում դաշնակիցների առկայությունը: Չկա որեւէ պետություն, որն ունի էական, միջազգային նշանակության խնդիրներ, գտնվում է կարեւորագույն տարածաշրջաններում եւ չունի դաշնակից: Ամբողջ խնդիրը այն է, որ դաշնակիցը պետք է լինի իրական, շահի եւ անվտանգության առարկայական համադրության հիմքով, ոչ թե միֆական ընկալումներով: Եվ այդ իմաստով ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանը շահի առումով Հայաստանին ոչ միայն դաշնակից չէ, այլ Մոսկվայի շահը առաջ կարող է մղվել միայն Հայաստանի շահի ու անվտանգության հաշվին, ինչն էլ տեղի էր ունենում 2013 թվականի սեպտեմբերի 3-ից մինչեւ 2016 թվականի ապրիլի 2-ի լուսաբաց: 

    Ապրիլի 2-ի լուսաբացը փոխեց ամեն ինչ, ընդ որում թե Հայաստանի, թե տարածաշրջանի, եւ գործնականում ամբողջ միջազգային անվտանգության համակարգի համար, ելնելով այն կարեւոր նշանակությունից, որ այդ համակարգում ունի Կովկասը եւ Արցախի խնդիրը: 

    Այդ տեսանկյունից, Հայաստանը կանգնած է թե ինքնիշխանության հարցում առանցքային, հիմնարար եզրահանգումների անհրաժեշտության առաջ, եւ թե ինքնիշխանության դիրքից արդեն իրական դաշնակիցներ ընտրելու՝ շահի, անվտանգության պատկերացումների եւ հնարավորինս երկար հեռանկարների վրա հիմնված դաշնակցային, գործընկերային կապեր հաստատելու, ինքնիշխանության դիրքերից այդօրինակ հարաբերությունների հաստատման ազատ գործընթացներ կառուցելու կենսական հրամայականի առաջ: 

    «Մենք կլինենք ձեր կողքին՝ պաշտպանելու ձեր ազատ և ինքնորոշման ընտրությունը և պայքարելու ժողովրդավարության ու բարգավաճման համար ձեր երկրներում», հայտարարում է ԵԺԿ նախագահը: Ինչ խոսք, Յոզեֆ Դոլը Եվրամիության պաշտոնյա չէ, եւ այդ առումով մի կողմից դժվար է ասել, թե որքանով է նրա խոսքը առնչվում եվրոպական իրական քաղաքականությանը, մյուս կողմից չի բացառվում, որ հենց այդ կարգավիճակն ունեցող գործչի միջոցով Եվրամիությունը կարող է անել հայտարարություններ, որոնք պաշտոնապես հնչեցնելու համար առնվազն այժմ պատրաստ չէ: Կամ որոնց միջոցով փորձ է արվում շոշափել տրամադրությունները եւ գործընկերային հեռանկարները Հայաստանում, հասկանալ, թե ինչ է փոխվել Հայաստանում ապրիլի 2-ից հետո, արդյոք Հայաստանի քաղաքական ասպարեզը քիչ թե շատ ունակ է գոնե այժմ համարժեք լինել Հայաստանի անվտանգության իրական հրամայականներին եւ դրանք չթողնել միայն զինվորների ուսին: 

    Մյուս կողմից, այստեղ իհարկե շատ կարեւոր է, թե ինչ փոփոխություն կա Եվրամիության ընկալումներում եւ ընդհանրապես ինչ է նշանակում լինել Հայաստանի կողքին եւ պաշտպանել ազատ ընտրության եւ ինքնորոշման իրավունքը: Դա նշանակու՞մ է, օրինակ, աշխուժացնել եւ ի վերջո իրականություն դարձնել Արցախի հակամարտության գոտում հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումն ու այդպիսով կայունության երկարաժամկետ մեխանիզմի ստեղծումը, հակամարտության վրա Ռուսաստանի ապակառուցողական ազդեցության թուլացումը: 

    Կոնկրետ ի՞նչ միջոցներով է պատրաստ Եվրամիությունը պաշտպանել, աջակցել Հայաստանի եւ Արցախի ազատ ընտրությանն ու ինքնորոշմանը: Մյուս կողմից, հարց է առաջանում, թե այդ առումով ինչքանո՞վ է կոնկերտ քննարկումների պատրաստ Հայաստանի իշխանությունը: Օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում է, որովհետեւ անվտանգության այլ առաջարկ չկա: Եվ ահա, փաստացի հնչում է առաջարկ, որն իհարկե ռազմա-քաղաքական դաշինքից չէ, սակայն մի կառույցից է, որը գտնվում է այդպիսի դաշինքի խնամքի ներքո: 

    Ինչպե՞ս է պատրաստ Հայաստանը վերաբերել այդօրինակ առաջարկներին, թե՞ Հայաստանն առաջարկ ասելով նկատի է առնում միայն խնամակալությունը, որը հնարավորություն կտա շարունակել համակարգային մակաբուծությունը, պարզապես հույսն այս անգամ Ռուսաստանի վրայից տեղափոխելով Եվրամիության, ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի վրա: 

    Այն, որ դա Հայաստանի իշխող համակարգի իդեալն է, գործնականում կասկած չկա: Միայն թե աշխարհը մակաբուծության կամ աշխարհքաղաքական պորտաբուծության ջերմոց չէ, ուր կարելի է տեղափոխվել այն բանից հետո, երբ այլեւս կասկած չկա, որ ռուսական հովանոցը ծակ է: 

    Այստեղ գնահատելի են գործընկերները, այստեղ գնահատելի է մասնակցայնությունը, փոխադարձ վստահությունը, կանխատեսելիությունը, հարգանքը միմյանց նկատմամբ, շահերի փոխադարձ ճանաչումը, ոչ թե ստորադասումը: Առաջընթացը կառուցվում է այդ մտածողության վրա, անվտանգությունն ամրապնդվում է այդ պատկերացումների հիմքով, դրա շնորհիվ է եվրատալանտյան համակարգը դարձել համաշխարհային անվիճելի առաջատար գործնականում բոլոր ասպարեզներում: 

    Այստեղ է Հայաստանի անկեղծության պահը՝ ինքնիշխան կարգավիճակի եւ աշխարհի հետ այդ հիմքով հարաբերության հրամայականի լիարժեք սպասարկման կամք եւ մտածողություն ունենալու մեջ: 

    Մեծ հաշվով, այդ առումով առաջարկներ անելու անհրաժեշտություն ու հրամայական ունի Հայաստանը, բայց դեռ շարունակում են անել Հայաստանին՝ վկայելով երկրի կարեւորությունը համաշխարհային գործընթացների եւ նոր աշխարհակարգի ձեւավորման հարցում: Խնդիրն այն է, թե ինչ է այդ կարեւորությունը Հայաստանի «էլիտաների» համար՝ պետականության զարգացման հնարավորություն, թե իշխանական խնդիրների լուծման մանրադրամ:

     Աղբյուր՝ Lragir.am

    Загрузка...