Հերթական խայտառակությունը. Ադրբեջանը հրաժարվում է հային պարտված իր մարզիկից

    152
    Ադրբեջանը հրաժարվում է հայ մարզիկ Ալբերտ Ղազարյանից պարտություն կրած Ռուսլան Մուրթազովից:
    Haqqin.az-ում հրապարակված «Բռնցքամարտը վերածել են թատրոնի. հայը «հոշոտեց» ադրբեջանցուն» հոդվածում սպորտային մեկնաբան Ռասիմ Հուսեյնզադեն գրում է, թե ինչ տեղի է ունեցել Մոսկվայի «Լուժնիկի»-ում, հայերի բեմադրած ներկայացումն է, քանի որ առանց կանոնների մարտեր կազմակերպող Octagon Fighting Sensation-ի ղեկավարության մեջ հայեր կան: Ըստ նրա` Ռուսլանը դաղստանցի է, 19-ամյա այդ անփորձ մարզիկին վարձել են հայերը, ուսերին գցել Ադրբեջանի դրոշը, Ղազարյանին մարտահրավեր նետելու տեսանյութը պատրաստել ու տվել հային` «հոշոտման»: Իսկ Ռուսլան Մուրթազով մարզիկ, պարզվում է, ոլորտի ադրբեջանցի մասնագետները չեն էլ ճանաչում:

    Ադրբեջանցի սպորտային մեկնաբանը փորձում է բացատրել, թե որտեղի՞ց Մուրթազովին ադրբեջանական անձնագիր: Ենթադրում է, թե  պատանի հասակում նա ադրբեջանական սպորտային ֆեդերացիաներից մեկում է ներգրավվել, բայց չի համապատասխանել Ադրբեջանի հավաքականի պայմաններին ու տուն է վերադարձել, երկրի անձնագիրն էլ մնացել է նրա մոտ, այդ հանգամանքն էլ իբր օգտագործել են հայերը: Հուսեյնզադեն կարծիք է հայտնում նաև, թե հնարավոր է` Ռուսլանը ադրբեջանական անձնագիր չունի, ըստ նրա` OFS միջոցառումներն իբր այնքան անլուրջ են, որ մասնակիցներից անձնագիր չեն էլ պահանջում:

    Վերջում էլ հոխորտում է, թե Ադրբեջանը երբեք անփորձ մարզիկին հայի դեմ չէր հանի, և եթե այնտեղ իսկապես ադրբեջանական պատվիրակություն լիներ, հաստատ չէր թույլատրի, որ Ղազարյանը և նրա թիմը հայտնվեին դահլիճում ԼՂՀ-ի դրոշով:

    Աղբյուր՝ Replik.am