Ես կողմ եմ բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին. Շավարշ Քոչարյան

    116

    Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին:

    Այս մասին ավստրիական «Die Presse» օրաթերթին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

    Դիտարկմանը, թե հայկական հասարակությունում սուր քննադատություն է հնչում Ռուսաստանի դերի առնչությամբ, որը ԼՂ հակամարտության երկու կողմերին էլ զենք է վաճառում, Քոչարյանն պատասխանել է. «Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր նախագահի մակարդակով: Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, եւ մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ ԱԽ-ում: Դա ճիշտ կլիներ»:

    Բայց դա նաեւ հայկական կողմին կվերաբերեր հիշեցմանն էլ արձագանքում է. «Բնականաբար: Դա միայն կախված է եռանախագահների հեղինակությունից»:

    Դիտարկմանը, թե Ռուսաստանը սկսել է միջնորդական նոր նախաձեռնություն, արդյոք Մոսկվան իրոք ՀՀ-ի դաշնակիցն է, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Ռուսաստանը միջնորդ է հակամարտության մեջ, նա պետք է հավասարակշռվածությունը պահպանի: Պայմանագրերի համաձայն՝ Մոսկվան Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Սակայն Ռուսաստանը նաեւ շատ սերտ տնտեսական կապեր ունի Բաքվի հետ: Նա մեր դաշնակիցն է, սակայն նաեւ իր սեփական շահերն ունի՝ Ադրբեջանի հետ կապված: Հարավային Կովկասում՝ իր շահերի գոտում, նա միշտ հակված է լինելու բալանսը պահելուն»: