Հովիկ Աբրահամյանը կարևոր հայտարարություններ արեց կառավարության նիստին

    597
    «Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ, բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ», – այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
     
    «Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ՝ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով. առաջինը՝ արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը», – հավելեց նա:
     
    Վարչապետն ընդգծեց, որ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նշել է, որ պատրաստվում են նախաձեռնել քննարկումների շարք՝ ներգրավելով պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր թևից, ինչպես նաև հասարակության այլ կարող ուժերի, և ընդգծեց, որ այստեղ խոսքը միայն քննարկումների մասին չէ:
     
    «Լուծումները, որոշումները, որոնց մենք կհանգենք, պետք է արագ կյանքի կոչվեն: Իսկ հարցերը, որոնք պատրաստվում ենք դարձնել քննարկման առարկա` բազմապիսի են: Դրանց մեջ են թե՛ տնտեսության զարգացումը, թե՛ առողջապահության և կրթական ոլորտների արատների դեմ պայքարը և թե՛ բազում այլ հարցեր: Այս ամսվա 14-ից մենք սկսում ենք պարբերական շաբաթական քննարկումներ: Քանի որ հնարավոր չի լինի բոլոր ցանկացողներին ներգրավել այդ գործընթացում, ուստի, խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն առաջարկություններ, դրանք համառոտ ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին»,- հայտաարեց նա:
    Загрузка...