ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը պարզաբանում է

669
Օրերս զանգվածային լրատվության մի շարք միջոցներով տարածվել էր Պահնորդական ծառայություն իրականացնող «Տրանս-Սֆեր» ընկերության ղեկավարի մեկնաբանությունները, որը մեղադրել էր «ԱրմենՏել» ընկերությանը և ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը «ԱրմենՏել» ընկերության կողմից հայտարարված պահնորդական ծառայության մրցույթի ընթացակարգի խախտման մեջ:
Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը մասնակցել է «ԱրմենՏել» ՓԲ ընկերության կողմից հայտարարված ֆիզիկական պահպանության և ավտոմատացված համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատակարարի ընտրության ARM-T 021/15 ծածկագրով բաց մրցույթին, անցել է դրա որակավորման ընթացակարգը և ծառայության համար առաջարկված գնի մասով, ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության մրցութային հայտը գնահատվել է, և այն զբաղեցրել է երկրորդ տեղը: Մրցութային առաջարկով աոաջին տեղը զբաղեցրել է «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությունը, որն էլ ճանաչվել է հաղթող:
Հետագայում պարզվել է որ «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերության կողմից, մրցույթի մասնակցի որակավորման հայտով ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը` «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն չի ունեցել հայտով ներկայացված անհրաժեշտ քանակի աշխատակազմ /առնվազն 100 որակավորված աշխատակից/:
ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը որևէ պատասխանատվություն չի կարող կրել «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերության կողմից «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու և դրա արդյունքում որակազրկվելու վերաբերյալ:
«ԱրմենՏել» ՓԲ ընկերության հայտարարած մրցույթը ակնառու օրինակ է և հաստատում է այն փաստը, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն անհավասար մրցակցային  պայմաններում չէ, հակառակ դեպքում` մրցույթի հաղթողը «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությունը չէր լինի:
«Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերության տնօրենի պնդումն առ այն, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը պետական բյուջեի հաշվին է ստանում մեքենաներ, հանդերձանք, համազգեստ, սարքավորումներ, իրականությանը չի համապատասխանում, քանի որ  ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչությունը թվարկված բոլոր  գնումներն իրականացնում է արտաբյուջետային միջոցների հաշվին, որոնք ձևավորվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումներից:
Ինչ վերաբերում է մասնավոր պահնորդական ընկերությունների և ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության  հարաբերություններին, ապա անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ ոստիկանութունը, մասնավորապես` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչությունը մշտապես համագործակցում է բոլոր մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ,  համապետական նշանակության միջոցառումներում` հասարակական կարգի պահպանության, պահպանվող օբյեկտների և հարակից տարածքների անվտանգության ապահովման միջոցառումների  իրականացման ժամանակ:
Բացի այդ, «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերության տնօրենի ենթադրություններն առ այն, որ մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններն անտեսում են ոստիկանության թույլ տված խախտումները, քանի որ ոստիկանությունը կարող է լիցենզիա չտալ  կամ գնալ ստուգումների, ակնհայտ ոչ իրատեսական է, քանի որ ՀՀ ոստիկանությունը քննարկվող դեպքում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչությունը գործում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և հայեցողաբար ստուգումներ իրականացնելու լիազորություն չունի, բացի այդ, բերված օրինակի տրամաբանությամբ` դեռևս լիցենզիա չունեցող ընկերությունը չի կարող  լինել մրցակից:
Ափսոսանք ենք  հայտնում, որ «ԱրմենՏել» ՓԲ ընկերության կողմից հայտարարված մրցույթի ընթացակարգը խախտած «Տրանս-Սֆեր» ՍՊ ընկերությունը` իր կողմից ոչ պատշաճ տվյալներ ներկայացնելու պատճառով որակազրկվելու համար մեղադրում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը, թեև ճշմարտությունն ակնհայտ այլ է. եթե ընկերությունը գործեր օրենսդրության շրջանակներում և ներկայացներ իրական տվյալներ, ապա չէր որակազրկվի, իսկ ՀՀ ոստիկանության խնդիրը կայանում է նաև նրանում, որ պայքարի ոչ իրավաչափ արարքի ցանկացած դրսևորման դեմ:
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ