Ասկետիկ Պապի և «շռայլ կյանքին սովոր» մեր հոգևորականների մասին

690

Ես համեստորեն լռում էի Պապի այցի ողջ ընթացքում։ Միայն Ֆրանցիսկոսի ժամանման նախօրեին ես անդրադարձա թեմային և հիմա էլ նույն կարծիքին եմ. Ֆրանցիսկոսի այցը դարակազմիկ էր, Ֆրանցիսկոսն ինքնին դարակազմիկ Պապ է ու ես ուրախ եմ, որ նա եկել է Հայաստան։

Տխրեցնում է ոչ թե Ֆրանցիսկոսի այցը, կամ էլ դրա հետ կապված ինչ-որ բան, որ կապված էր Ֆրանցիսկոսից և Վատիկանի ու Հայաստանի արարողակարգերից, այլ այս այցին հետևած ոչ ադեկվատ, ծայրահեղական և որպես կանոն՝ պրիմիտիվ ռեզոնանսը։ Առանձնապես կցանկանայի խոսել Պապի ասկետիզմը մեր որոշ հոգևորականների ցոփ ու շվյատ կենսակերպին հակադրելուն, և այդ երկու երևույթները աբսոլյուտիզմի հասցնելով՝ երկու Եկեղեցիներին վերագրելու տափակ «ֆլեշմոբի» մասին։

Պետք է հասկանալ, որ խնդիրը անհատների մեջ չէ։ Ցանկացած Կաթողիկոս, Պապ, Եպիսկոպոս ու շարքային հոգևորական ունեն մեկ ընդհանուր գիծ. վաղ, թե ուշ նրանք բոլորն էլ կնքում են իրենց մահկանացուն, իսկ Եկեղեցին մնում է։ Մնում է նաև իրենց ժառանգությունը՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ նշանակալից, թե աննշան։ Ու հիմա, երբ վերցնում եք և ինչ-որ հակադրություններ ու բարոյախրատական թեզիսներ եք մոգոնում, լավ կլինի, որ չմոռանանք մի քանի բան։

– Թե՛ Կաթոլիկ, թե՛ Առաքելական եկեղեցիները չափազանց մեծ, չափազանց բարդ ու չափազանց հին կառույցներ են, որպեսզի դրանք չափվեն մի կամ մի քանի մարդու արշինով։ Ընդ որում, դա վերաբերում է ինչպես լավ, այնպես էլ վատ արշիններին։

– Ֆրանցիսկոսին ես էլ եմ համակրում, Գարեգինի հարցում էլ կիսում եմ մոտավորապես այն մոտեցումը, որն առկա է մեր հասարակությունում, բայց նամանավանդ նման ֆորմատներում ու նման համատեքստում, Ֆրանցիսկոսն էլ, Գարեգինն էլ առաջին հերթին ինստիտուտներ են մարմնավորում, այլ ոչ թե անհատ մահկանացուներ են։ Ուստի առնվազն ոչ կոռեկտ եմ համարում ցանկացած հակադրում ու համեմատական, առավել ևս՝ հանրային հարթակներում։ Այդ կերպ դուք ոչ թե Ֆրանցիսկոսին, կամ էլ Գարեգինին եք մեծարում կամ նվաստացնում, այլ ինքներդ ձեզ և այն էլ՝ միայն նվաստացնում։

– Նրանից, որ Ֆրանցիսկոսը Ռենոյով է երթևեկում, Կաթոլիկ եկեղեցին չի դադարում հանդիսանալ աշխարհի ամենահարուստ վերազգային կորպորացիաներից մեկը։ Որպեսզի հասկանաք, թե ինչ եմ ասում, նշեմ միայն, որ միայն Վատիկանին պատկանող սեփականությունը գնահատվում է 2-12 միլիարդ դոլար։ Իսկ եթե սրան հավելենք նաև կաթոլիկ այլ կառույցներ, հիմնադրամներ, գույք և սեփականություն, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն կապված են Կաթոլիկ եկեղեցու հետ, ապա թիվը կարող է տասնյակ և հարյուր անգամ ավելի մեծ լինել։ Այնպես որ, բերեք դեբետ-կրեդիտ մի արեք՝ հիմնվելով մի Ռենոյի ու մի Բենթլիի համար։

– Ու վերջապես, առավել քան զավեշտալի և նույնիսկ տխմար տեսարան է ստացվում, որ Եկեղեցու ցանկալի տեսլականից, հոգևորականների բարոյական կողմերից և բարդ կրոնաբանական հարցերից մեծ-մեծ փրթում են մարդիկ, ովքեր մինչև Պապի այցը ու այցից հետո ոչ մի աղերս չեն ունեցել ո՛չ ՀԱԵ-ի, ո՛չ Կաթոլիկ եկեղեցու, ո՛չ էլ քրիստոնեության հետ։ Թե չէ կարդում ես լրահոսը ու տպավորություն է, որ ՀԱԵ-ի ճակատագիրն ու վիճակը ամենից շատ հուզում է աթեիստներին, անհավատներին, աղանդավորներին ու տարատեսակ հեթանոսների։

Աղբյուր՝ Կոնստանտին Տեր-Նակալյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ