Ավտոմատը դրված է եղել ՛՛автоматически՛՛ ռեժիմի վրա, բայց մեկ պադրոն է կրակած, անհնար է նման բան

692

Հունիսի 17-ին, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում մահացած 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանի գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար Վարուժան Բալայանին: Հրանտ Գրիգորյանի դին հայտնաբերվել է ամրակցված ինքնաձիգով բերանի շրջանում պատճառված հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, զինվորի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է, որ ժամկետային զինծառայողի նկատմամբ դեպքի նախորդող օրը՝ հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել դասակի հրամանատար Վ.Բալայանը։ Բացի այդ, 2016 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փորձնական զորավարժության ընթացքում զինծառայող Հրանտ Գրիգորյանը վատ զգալու պատճառով չի շարունակել զորավարժությունը, ինչի կապակցությամբ Վ.Բալայանը վիրավորել է զինծառայողին՝  հայհոյելով նրան:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մահացած զինծառայողի հարազատները, սակայն, չեն հավատում ինքնասպանության վարկածին:

Հրանտ Գրիգորյանի քեռին՝ Վարդան Ենոքյանը Shabat.am-ին տեղեկացրեց, որ վաղը զենքը Ղարաբաղից տեղափոխվելու է Երևան՝ փորձաքննություն անցնելու:  «Երեք փորձաքննություն պետք է անցնի զենքը, վաղը բերվելու է Հայաստան, հավանաբար մոտ օրերս տեղի կունենա փորձաքննությունը: Մի բան կա, որ շատ մութ է՝ ավտոմատը դրված է եղել ՛՛автоматически՛՛ ռեժիմի  վրա, այդ դեպքում ահնարին է, որ մի պադրոն կրակի, եթե մարդը սղմում է վրան, մինիմում երեք պադրոն գնում է: Իսկ դրած է ՛՛автоматически՛՛ ռեժիմի վրա ու մի պարդոն է կրակած Հրանտի բերանի մեջ»,-ասաց Վարդան Ենոքյանը:

Զինծառայողի  քեռու խոսքով, մեկ այլ տարօրինակ երևույթ էլ կա. «Երբ գնացինք չաստ, հայրն ուզեց տղայի կոյկան տեսնել, կոմբադի հետ գնում են, ոչ մեկը կոյկայիի տեղը ցույց չի տալիս, այսինքն բոլորը վախեցած, սաղ ինստրուկտաժ արած են, որ Հրանտոյի մասին ինչ-որ բան կասեն, սուս եք մնում, այսինքն ավել բաներ գիտեն, ինչու պետք է այդպես լինի…»:

Վարդան Ենոքյանը նշեց, որ լսել են, որ ձերբակալված հրամանատարն առաջին անգամ չէ մնամ պատմության մեջ, իրենց տեղեկություններ են հասել, որ էլի են եղել դեպքեր, որ վերջինս զինծառայողի է ծեծի ենթարկել:

Նա նաև ասաց, որ իրենց հայտնել են, թե Վարուժան Բաբայանը Շուշիի բանտում է, սակայն այդ տեղեկությանը նրանք չեն հավատում.  «Ես համոզված չեմ, թե էդ մարդը Շուշիում  է նստած, որովհետև մեզ ցույց չեն տվել: Թող գոնե տանեիին մի 100 մետրի վրա, մի լուսոամուտից ցույց տային, դրա համար ես չեմ հավատում»:

Նա նաև նշեց, որ ոչ զինծառայողի ընտանիքը, ոչ հարազատները, ոչ էլ ընդհանրապես Արտաշատում որևէ մեկը չի հավատում, որ Հրանտ Գրիգորյանն ինքնասպան կարող էր լինել:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Հրանտ Գրիգորյանը պապը՝ Նորայր Ավագյանը նշել էր, որ թոռան երկու թևերի վրա կապտուկներ են հայտնաբերվել ու բերանի մեջ կրակած է եղել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ