Հուլիսի 3-ին կնշվի Վարդավառը

713

Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 3-ին: Այդ օրը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ, որի ժամանակ հավատացյալներին կներկայացվի  Պայծառակերպության տոնի խորհուրդը: 
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Վարդավառի տոնի մասին նշեց,- «Տոնի հիմքում ընկած է Սուրբ Գրքից մի հատված: Հիսուսը վերցնում է իր 3 առաքյալներին և բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու, այդտեղ Հիսուսն իր աշակերտներին երևում է աստվածային փառքով: Այստեղից էլ տոնի անունը`«Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն»: «Պայծառակերպություն» բառով շեշտվում է Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը»:

Տոնը շատ կարևոր նշանակություն է ունեցել և հիմա էլ ունի, այդ օրը մարդիկ համախմբվում են: Հնում մարդիկ նախընտրում էին տոնը նշել ընտանիքի անդամների հետ, ինչ-որ բացօթյա վայր գնալով: Մարդիկ հատուկ խմորեղեն էին պատրաստում, ծաղիկներից պսակներ պատրաստում:
Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով՝ վերջին շրջանում տոնի իմաստը մի փոքր փոխվել է և մարդիկ հեռացել են տոնը ճիշտ նշելու ձևից: «Հնուց մեզ հասած ժողովրդական գիտելիքները պետք է կարողանանք օգտագործել: Մենք պետք է շարունակենք կիրառել մեր գեղեցիկ ծեսերն ու ավանդույթները»,-ասաց Սվետլանա Պողոսյանը:

Արարատ երիտասարդական միության անդամ Տաթև Զախարյանն էլ նշեց ,-«Կապը  մեր ակունքների հետ պետք է կարողանանք պահել: Այդ նպատակով հուլիսի 2-ին ժամը վեցին առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից երգ ու պարով շարժվելու ենք քաղաքապետարանին հարակից մանկական այգի, հենց այնտեղ էլ տեղի են ունենալու բուն միջոցառւմները: Վարդավառր նախորդ օրը նման միջոցառում կազմակերպելով փորձում ենք վերականգնել ազգային ավանդույթներն ու սովորությունները»:
                                                                                                       Realnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ