Ավելի լավ կլիներ, եթե ՊՊԾ գնդի գրավման մասին իր դիրքորոշումը չհայտներ դերսան Մկրտիչ Արզումանյանը

967

5 օր լռելուց հետո ՊՊԾ գնդի գրավման մասին իր դիրքորոշումը հայտնեց նաև սիրված դերսան Մկրտիչ Արզումանյանը և ըստ իս, ավելի լավ կլիներ, եթե չհայտներ։ Հարցը նրանում չէ, թե երբ է այդ կարծիքը հայտնվում, հարցը նրանում չէ անգամ, որ այդ կարծիքը մոդայի վերջին ճիչերին հարիր էր և միտված էր մարդասպանություն, պատանդառություն ու զինված հարձակում գործած անձանց հերոսացնելուն։ Ըստ իս, ամենամեծ հարցը նրանում էր, որ այդ հայտարարությունն արեց Մկոն։

Հիշեցնեմ, որ չդիմացավ ու իրեն պոպուլիզմի տվեց նույն այն Մկրտիչ Արզումանյանը, ով բազմիցս իր հարցազրույցներում հեգնական, կամ էլ տհաճությունը չթաքցնող տոնով անդրադարձեր էր անում Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի գործունեության վերաբերյալ՝ անուղղակի ակնարկելով, որ դա պոպուլիզմ է, դա լայքահավաքություն է, դա էժան է, երբ Հայկոն պարբերաբար հայտնվում է տարբեր քաղաքացիական ընդվզումների կիզակետում ու դիվիդենտներ է հավաքում։ Բա ի՞նչ պատահեց քեզ, Մկո՛։ Հասկանում եմ, 5000-ից ավել լայք ստացար, հարյուրավոր գովաբանական մեկնաբանություններ ու մեծ հաշվով ինքդ էլ ճաշակեցիր փառքի այն դափնիները, որոնց համար քննադատում ես ուրիշներին։

Բայց պարզ ու մարդկային մի հարց եմ ուզում տալ․ եթե զոհվողը չլիներ գնդապետ Արթուր Վանոյանը, ով քեզ ո՛չ ծանոթ է, ո՛չ հարազատ, ո՛չ էլ բարեկամ, այլ Աստված չանի՝ քո ընտանիքի անդամը, քո հարազատը, քո բարեկամը, քո ընկերը․․․ դու էլի՞ այդպիսի գովաբանական ճառեր էիր ձոնելու նրան սպանողներին։ Լավ, դա էլ մի կողմ։ Ախր Մկո՛ ջան, մի պահ պատկերացրե՞լ ես, թե քո մասին ինչ մտածեցին գնդապետ Արթուր Վանոյանի զավակները, նրա կինը, նրա ծնողները, բարեկամներն ու հարազատները, երբ կարդացին քո գովաբանական ճառը՝ իրենց մտերիմի մարդասպանների հասցեին։ Կրկին պարզ մարդկային հարց․ արդյո՞ք դու քո նույն գրածը, որը, ի դեպ, մեկ անհետանում էր, մեկ հայտնվում էր՝ խմբագրված, հանգիստ սրտով կկրկնեիր նայելով սպանված գնդապետի հարազատի աչքերի մեջ։ Չէ՞։ Եթե չէ, ապա երևի թե ֆեյսբուքում էլ գրել պետք չէր, որովհետև որպես հայ տղամարդ, կարծում եմ կհամաձայնվես, որ մի բանը, որ չի կարելի անել իրական կյանքում, չի կարելի նաև ֆեյսբուքում։

Անկեղծ ցանկանում եմ հավատալ, որ սա պարզապես պահի տակ ընդունված սպոնտան ու էմոցիոնալ որոշում էր։

Հարգանքներս․․․

Հ․Գ․ Ինչպես օրերս շատ դիպուկ գրել էր մեկը՝ կռված լինելը գժի թուղթ չէ, որ ցմահ ազատի քրեական պատասխանատվությունից ու մեղսունակ կոչվելու իրավունքից։

Աղբյուր՝ Վազգեն Ղազարյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ