Սասնա Ծռերի ողջ ողբերգությունը հետևանք է, իսկ որո՞նք են պատճառները

596

Էսքան խոսեցինք հետևանքների մասին, իսկ Սասնա Ծռերի ողջ ողբերգությունը հետևանք է, բայց պատճառների մասին խոսվում է հպանցիկ ու կողմնապահությամբ (անկախ նրանից, թե որ կողմն է խոսում)։ Իսկ խոսել պետք է ու ոչ միայն խոսել, այլև լրջագուն հետևություններ անել։

Պետք է պատասխանատու մարդիկ ու մարմինները իրենք իրենց հարցնեն, թե ի՞նչն է ստիպում ազատամարտիկին, ով զինվորական երդում է տվել, զենք առնել ձեռքը ու խախտել այդ երդումը։ Ի՞նչն է ստիպում քաղաքացուն, ով մի կերպ իր օրվա հացն է վաստակում, թքել ամեն ինչի վրա ու դուրս գալ փողոց։ Ի՞նչն է իջեցնում մարդկանց զգայականության աստիճանը, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ ստիպում հրճվել, երբ զոհվողը ոստիկան է։ Ու ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում Հոկտեմբերի 27-ից հետո նման բան եղավ և այդ բանը միահամուռ բացասական արձագանքի չարժանացավ։

Ես իմ վարկածներն ունեմ, որոնք գուցե պոլիշինելի գաղտնիք են, բայց դե չի խանգարի հնչեցնել։

– Երբ սոցիալական անարդարությունն ու բևեռացումը հասնում է սյուռեալիստական մասշտաբների, ոչ մի զարմանալու բան չկա, որ մարդիկ համարում են, որ սրանից վատ լինել, միևնույն է, չի կարող։

– Երբ ազատամարտիկին 20-25 տարի մեդալներ են տալիս ու պաթոսախեղդ են անում, բայց ինքը ապրում է փլատակներում ու կիսասոված, ազատամարտիկը կարող է կասկածել, թե արդյո՞ք ինքը ճիշտ թշնամիների դեմ էր զենքն ուղղում։ Հեռուն չգնանք, նույն Արայիկ Խանդոյանը, ում նկարը հայտնի էր բոլորիս դեռ մինչև այս դեպքերը, միայն վերջերս է բնակարան ստացել, իսկ Հ1-ի կողմից շաբաթներ առաջ պատրաստած ռեպորտաժից դատելով՝ նա մինչև վերջերս ապրում էր դոմիկում։ Էհ մալադեց, խոսքի Զառա Արամյանի բնակտարածքի խնդիրն ավելի հրատապ էր, նրանից առաջ էլ շատուշատ այլ կերպարներինը։

– Երբ համատարած քարոզվում է կիսագողական-կիսաօլիգարխիկ վիճակ, երբ պոռճությունն է հաջողության տեսլականում, ինչպե՞ս եք ակնկալում, որ մարդիկ միանշանակորեն դեմ լինեն ապօրինի բռնությանը, եթե գոնե դեկլարատիվ, բայց այն ուղղված է դրա դեմ։

– Երբ խորհրդարանումդ ու այլ պետական մարմիններում ավելի շատ մականունավոր կա, կան քրեակատարողական հիմնարկներում, ինչո՞ւ պետք է ազգաբնակչությունը՝ ի դեմս իշխանության, տեսնի պետություն։

– Երբ քաղաքական դաշտդ այնքան լերկ է, որ Խորենացի դուրս եկած մարդկանց մոտ դուխ է անում գալ մենակ մի քանի քաղաքական գործիչ, ապա ո՞ւմ վրա պետք է հենվի պետական համակարգը և ո՞ւմ միջոցով իր բացասական էներգիան պետք է կանալիզացնի հասարակությունը։

– Երբ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ ավելի թույլ են տիրապետում իրենց ծառայողական պարտականություններին ու լիազորությունների շրջանականերին, քան ակտիվիստը, որին բերման են ենթարկում, իսկ մեկումեջ էլ մտցնում են մեքենան ու ծեծում այդ ակտիվիստին, երբ որոշ ոստիկաններ գողական են գնում, բա էլ ի՞նչ ենք զարմանում, որ արձագանքը կարող է լինել զուսպ, իսկ երբեմն էլ՝ ոչ ադեկվատ։

– Եթե վերջին 25 տարում ՈՉ ՄԻ անգամ գլոբալ հարցերում հանրային կարծիքի հետ հաշվի չեն նստում, այլ կամ ցրում են թեման, կամ էլ իրար մեջ ինչ-որ պայմանավորվածության գալիս, ո՞ւմ հետ պետք է կապի քաղաքացին իր արդարության պահանջմունքն ու վաղվա լավ օրվա հույսը։

– Եթե բոլորը տեսնում են, թե ինչ խայտառակ ու հանցավոր բացթողումներ եղան ու այդ թվում նաև դրանց արդյունքում մենք ոչ միայն 800 հեկտար չգրավեցինք, այլև կորցրեցին, իսկ այնուհետև տեսնում են, որ այդ խորքային խնդիրները լուծելու փոխարեն, միայն կոսմետիկ դզում-փչում են, ապա ինչո՞ւ պետք է մարդիկ ակտուալ համարեն երկրի պաշտպանությանը սպառնացող իրական վտանգը, եթե իշխանավորներն են այդքան արխային՝ անգամ ապրիլից հետո։

Ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց հիմնական միտքս հետևյալն է․ եթե այս ու գալիք իշխանությունները արմատապես չվերաիմաստավորեն իրենց դերն ու տեղը, եթե այս անգամ էլ ծածկադմփոց անեն խնդիրները՝ դրանք լուծելու փոխարեն, եթե հաշիվ չտան իրենց որոշումների հետևանքներին ու ժողովրդական կույր ցասման պոտենցիալին, ապա վախենամ, որ այսուհետև նման ակցիաները կրեն պարբերական բնույթ և ունենան շատ ավելի ծանր ու ողբերգական հետևանքներ, քան այս պահին ունի Սասնա Ծռերի գործողությունը։

Մտածե՛ք սրա շուրջ, հարգելի՛ իշխանություններ։

Աղբյուր՝  Կոստանտին Տեր-Նակալյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ