Ամառն իրոք բացառիկ էր հայկական բասկետբոլի պատմության մեջ. Արթուր Նազարյան

519

Հունաստանում ավարտվեց բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը 6 հանդիպում անցկացրեց, որոնցից 3-ում հաղթեց եւ գրավեց 17-րդ հորիզոնականը: ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարության հետ զրուցում առաջնության արդյունքներն ամփոփեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար` Արթուր Նազարյանը, ով գլխավորում էր հայկական պատվիրակությունը մրցավայրում:

Հայաստանի երիտասարդական հավաքականը 2-րդ տարին անընդմեջ մասնակցեցԲ դիվիզիոնի առաջնությանը: Որքանո՞վ այս անգամ արդարացան սպասելիքները:

– Եթե նայենք զբաղեցրած դիրքին, ապա գրանցվել է նահանջ, քանի որ գրավել ենք 17-րդ տեղը: Եթե նայենք վիճակագրությանը, ապա ելույթները հաջող էին, քանի որ 6 խաղից 3-ում հաղթել ենք մրցակիցներին: Նախորդ հարցազրույցում արդեն նշել էի, որ մենք կադրային լուրջ խնդիրներով ենք ժամանել Հունաստան: Հաշվի առնելով այդ ամենը` պետք է արժանին մատուցել թիմին ունեցած ելույթների համար: Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի վերջին 2 առաջնություններում գրանցած արդյունքներով այսօր Եվրոպայի լավագույն 30 երկրների թվում է: Գտնում եմ, որ հայկական բասկետբոլի համար սա բավականին լավ արդյունք է եւ հույս է ներշնչում, որ մենք տարիների ընթացքում ավելի բարձր տեղերում ենք լինելու:

Հայաստանը պարտվեց առաջին 3 խաղերում, ապա 3 հաղթանակներ տոնեց:Ինչպե՞ս այդպես ստացվեց:

– Գիտեք, որ այս կազմով Հայաստանը ստուգողական խաղեր չէր անցկացրել եւ փաստորեն Եվրոպայի առաջնության առաջին հանդիպումները թիմի համար մեծ փորձություն եղան: Փորձի պակասը թույլ չտվեց հաղթել Մակեդոնիայի եւ Պորտուգալիայի հավաքականներին: Միակ թիմը, որին մենք իրոք զիջում էինք խաղամակարդակով, դա Չեռնոգորիան էր, որը հետագայում դարձավ նաեւ առաջնության հաղթող:
Ինչ վերաբերվում է հաղթանակներին, ապա տղաները պարտության մատնեցին Վրաստանին, Էստոնիային եւ Բուլղարիային: 3 հաղթանակներն էլ շատ արժեքավոր են, քանի որ մրցակիցները բասկետբոլային լավ ավանդույթներ ունեցող երկրներ էին: Ընդհանրապես, այս տարի Եվրոպայի առաջնությունում շատ լուրջ մրցակցություն էր: Բավական է նշել, որ Ռուսաստանի ընտրանին չկարողացավ մտնել լավագույն 8 թիմերի մեջ… Մրցակցությունը Եվրոպայում ուժեղանում է օրեցօր, շաբաթ առ շաբաթ, եւ պետք է շատ մեծ աշխատանք կատարել, որ ետ չմնալ մյուսներից:

Նախորդ զրույցում նշել էիք, որ Հայաստանը միակ թիմն է, որը 10 հոգով է ժամանելմրցավայր, եւ պատճառների մասին ավելի ուշ կխոսեք

– Այո, մենք 12 խաղացողներով պետք է լինեինք, եթե Կարեն Չիվիչյանը եւ Պյոտր Ստեփանյանցը մնային հավաքականում: Նրանց հետ մենք լրիվ այլ արդյունքներ կարող էինք գրանցել: Դեռ պետք է վերլուծենք եւ քննարկենք ֆեդերացիայի առաջիկա նիստի ժամանակ, թե ինչու այդ խաղացողները չմեկնեցին Հունաստան: Չիվիչյանը տարաձայնություններ ուներ մարզչի հետ, իսկ Ստեփանյանցի վերաբերյալ պատճառներն անհասկանալի էին: Նրանք շատ կարեւոր խաղացողներ են, եւ հույս ունեմ, որ ապագայում կլինեն հավաքականներում: Պետք է նշել նաեւ, որ մեր թիմի կեսը 18-19 տարեկան տղաներ էին եւ 2017 թվականին էլ կարող են մասնակցել Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը: Մեր երիտասարդականը լավ ներուժ ունի:

Հավաքականը գլխավորում էր բելգիացի Տիբո Պետին, իսկ նրան օգնում էրանգլիացի Քրիս Մայեսը: Նրանք շարունակելո՞ւ են աշխատանքը:

– Պետին եւ Մայեսը 2 ամսով էին միացել Հայաստանին, նրանք Բելգիայի բարձրագույն խմբում են աշխատում, եւ դա է նրանց հիմնական գործունեությունը: Մինչեւ հաջորդ առաջնություն դեռ 10 ամիս ժամանակ կա, եւ այս պահին դժվար է ասել, թե ովքեր են գլխավորելու երիտասարդականը 2017 թվականին: Ֆեդերացիայի մարզչական խորհուրդը պետք է իր կարծիքը հայտնի:

Երեկ ավարտվեց նաեւ Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնությունը, որտեղՀայաստանը հանդես եկավ C դիվիզիոնում եւ գրավեց ընդամենը 8-րդհորիզոնականը

– Պատանեկան հավաքականը ամբողջովին ձախողել է ելույթները, երկրորդ կարծիք լինել չի կարող: 16 տարեկանների կազմում լեգեոներներ չկային, եւ որոշվել էր, որ շանս տանք բացառապես տեղական թիմերում հանդես եկող խաղացողներին: Առաջիկայում կվերլուծենք տեղի ունեցածը եւ կկայացենք համապատասխան որոշումներ:

Բասկետբոլային ամառը Հայաստանի համար ավարտվեց: Ընդհանուր առմամբ,ինչպե՞ս կարող եք բնութագրել այն Հայաստանի համար:

– Առաջին անգամ Հայաստանը 4 հավաքականներով հանդես եկավ եվրոպական ստուգատեսներում, ինչը տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի օժանդակության շնորհիվ: Ազգային հավաքականը հաղթեց փոքր երկրների առաջնությունում, կանանց մինչեւ 18 տարեկանների ընտրանին էլ ոսկե մեդալներ նվաճեց C դիվիզիոնում: Այս ամառն իրոք բացառիկ էր հայկական բասկետբոլի պատմության մեջ: Այժմ պետք է ավելի մեծ ծավալով շարունակենք աշխատել, որ կարողանանք բարելավել մեր ցուցանիշները:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ