«Ղարաբաղաադրբեջանական շփման գծում պատերազմի բռնկումն ավելի քան իրատեսական է». Դավիթ Շահնազարյան

696

«Հասկանանք, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ավելի քան իրատեսական է պատերազմի բռնկումը ԼՂ-ի և Ադրբեջանի շփման գծում, որովհետև այն, ինչ կատարվում է ՌԴ-Ադրբեջան դաշինքի կողմից, իսկապես տանում է դրան»,- այս մասին այսօր «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո. հետևանքները Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով գագաթաժողովի արդյունքներին:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ չէր ակնկալում, թե Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը պատմական իրադարձություն կդառնա, քանի որ դրանից մի քանի շաբաթ առաջ նման ենթադրություններ անելու համար նախադրյալներ չկային: Բայց դա, նրա որակմամբ, պատմական գագաթաժողով էր՝ իր արդյունքներով:
Շահնազարյանը հետաքրքիր նկատառում արեց՝ ասելով, որ Վարշավյան գագաթաժողովն անցկացվեց այն նույն դահլիճում, որտեղ ժամանակին ստորագրվել էր Վարշավյան երկրների պակտը:

Բանախոսը թվարկեց Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախորդած՝ ՌԴ նախագահի նախաձեռնած մի քանի գործողություններ, որոնք ուղղված էին այն որոշումները խափանելուն, որոնք կայացվեցին Վարշավյան գագաթաժողովի ընթացքում:
«Պարզվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս Ռուսաստանի խոսքերին չեն հավատում: Ակնհայտ դարձավ, որ ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր է, այսպես կոչված, արևելյան թևը, խոսվեց արդեն Բալթյան երկրներում և Լեհաստանում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի գումարտակների մասին, բայց արևելյան թև ասելով՝ ՆԱՏՕ-ն նկատի ունի Բալթիկ ծովից մինչև Սև ծովն ընկած գոտին՝ ներառյալ Վրաստանը»,- նման պարզաբանում մտցրեց Դավիթ Շահնազարյանը: Վերջինս կարևորեց նաև գագաթաժողովի արդյունքներն Ուկրաինայի և Վրաստանի համար:
Սակայն, նրա համոզմամբ, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը երեք հետևություն պետք է անեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովից:

«Այդ երեք հետևությունները հիշեցնում են տերմոդինամիկայի երեք սկզբունքները: Առաջինը՝ շահելն անհնար է, երկրորդ՝ չկորցնելն անհնար է, և երրորդը՝ խաղից դուրս գալը նույնպես անհնար է: Ի՞նչ ենք մենք տեսնում արդյունքում՝ Ռուսաստանը գնում է սրացման Սիրիայում, Ռոյւսաստանը գնում է սրացման հարավ-արևելյան Ուկրաինայում և փորձում է սրացման գնալ մեր տարածաշրջանում՝ խոսելով արդեն ԼՂ գոտում Ադրբեջանին սպառազինությունների նոր մատակարարման մասին»,- նկատեց Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա, շատ դրական էր, և պետք է դա գնահատել, որ ՀՀ-ն այս անգամ ևս բարձր մակարդակով մասնակցեց Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ինչպես նախորդ անգամ Ուելսում:

«Հաշվի առնելով այն զարգացումները, որոնք գնում են Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում, այն պահանջները, որոնք կան Ռուսաստանի կողմից, մտավախություն ունեմ, որ Ռուսաստանը փորձելու է արգելափակել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները: Հուսանք, որ դա չի հաջողվելու: Հասկանանք, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ավելի քան իրատեսական է պատերազմի բռնկումը ԼՂ-ի և Ադրբեջանի շփման գծում, որովհետև այն, ինչ կատարվում է ՌԴ-Ադրբեջան դաշինքի կողմից, իսկապես տանում է դրան: Ռուսաստանը կփորձի ապակայունացնել այդ տարածաշրջանը, նպատակը պարզ է՝ այսպես կոչված, ռուս խաղաղապահներն են:

Շարունակելով սպառազինություններ մատակարարել Ադրբեջանին՝ այն դեպքում, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի նույնիսկ ստորագրված ու ուժի մեջ մտած պայմանագիր, որի դիմաց ոչինչ չի ստանում, որևէ սպառազինություն Ռուսաստանից: Կարծում եմ, որ արդեն իսկ պետք է լրջորեն մտածել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին: Ինչո՞ւ ոչ, դիմել ՆԱՏՕ անդամ երկրներին՝ նրանցից սպառազինություններ ստանալու խնդրանքով: Բայց դա անելու համար առաջինը՝ պետք է սկսել Հայաստանի ապագաղութացման գործընթացը և դուրս գալ այն միջազգային ձևաչափերից, որոնք բացառապես ամբողջովին կաշկանդում են ՀՀ արտաքին քաղաքական գործունեությունը»,- նման տեսակետ հայտնեց Դավիթ Շահնազարյանը:

Աղբյուր՝ 168.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ