Թացն ու չորը, թացի չորն ու չորի թացը…

522

Իրավիճակում, երբ մարդկանց մի մեծ մասը բորբոքված է, մի ուրիշ մասը՝ բորբոքում է, մի ուրիշ մասը՝ բորբոքվածի ձև է բռնել ու մի բան էլ՝ ամենքին ու ամեն ինչ դատելու կեցվածքով (ո՛չ իրավունքով, այլ հենց՝ կեցվածքով, «պոզայով») ասպարեզ մտել, սաստիկ զգացվում է հավասարակշիռ խոսքի ու մոտեցման պակասությունը: Զգացվում է հավասարակշիռ խոսքի կարիքը, բայց դա ոչ մեկին պետք չէ: Մեկերին ձեռք չի տալիս, մյուսներին՝ մեկ է, երրորդներն իրենք ամենագետ են ու «ակունք իմաստության»…
Որպես հետևանքներից մեկը, թացը խառնվում է չորին, էլ չեմ ասում, որ խառնվում են թացի չորը, չորի թացը, առհասարակ՝ եղած-չեղածը:
Ես, օրինակ, մեծ հարգանք ունեմ այն ամենի հանդեպ, ինչ Արցախի ազատամարտի ընթացքում, իրենց կյանքը վտանգելով, արել են Ապարանցի Պավլիկը՝ Պավել Մանուկյանը, Միայնակ գայլը՝ Արայիկ Խանդոյանը, Ժիրայր Սեֆիլյանը՝ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը ու էլի հազարավոր ու հազարավոր շատերը: Շատ-շատերը, որոնցից բազմաթիվ լուսավոր կերպարներ զոհվելով՝ անմահացան:
Բայց ես, օրինակ, չեմ կարող ընդունել երկրի ներսում զենքով «հարցեր լուծելը», ու ինչ էլ ասվի, չեմ կարծում, թե Պավլիկ Մանուկյանը ու «Սասնա ծռեր» զինված խումը լավ բան են արել: Դա իմ անհատական ընկալման հարցն է, իմ իրավունքը: Իսկ չեմ ընդունում, որովհետև ուղղակի չեմ կարծում, որ դա բերում է հարցերի լուծման, չհաշված՝ որ հանրագումարում ու մեծ ծավալների հասնելով, կարող է եղբայրասպանության ու կործանման հանգեցնել:
Հակառակը՝ որպես կանոն, հարցերը է՛լ ավելի են խորանում ու նաև՝ բազմանում: Բռնությամբ բարի նպատակի հասնելու հնարավորությունը ինձ կասկածելի է թվում, որքան էլ վեհ գաղափարական թիկնոց ու հանդերձներ նետվեն բռնության ակտի վրա: Բռնությունը բերում է հակադարձ բռնության, չարության, ատելության բազմապատկման, իսկ մեր դեպքում դա ինքնակերական փակուղի է:
Մարդիկ, ովքեր կարծում են, թե՝ այլ ելք չկա, բայց իրենց քաղաքական կամ հրապարակային գործիչ են համարում, ավելին՝ շարունակում են այդ գործունեությունը, իմ նեղ-սուբյեկտիվ կարծիքով՝ ինչ-որ տեղ կեղծում են կամ լրիվ անկեղծ չեն: Եթե այլ ելք չկա՝ ի՞նչ եք անում դուք քաղաքական, հասարակական դաշտ(եր)ում, ինչո՞ւ մի զինված խումբ էլ դուք չեք կազմել կամ կազմում:
Մարդիկ, ովքեր ասում են՝ «զենքով ներքին հարցեր լուծելու մոտեցումն ընդունելի չէ, բայց…» ու ամեն կերպ ձգտում են արդարացնել «Սասնա ծռեր» անվանմամբ հանդես եկող զինված խմբի արածը, էլի ինչ-որ բան խառնում են, լավագույն դեպքում՝ շփոթում ( ի դեպ, այս «Սասնա ծռերը» ուղիղ կապ չունեն ազատամարտի տարիներին հայտնի «Սասնա ծռեր» մարտական ջոկատի հետ, որի հրամանատարը, որքան հիշում եմ, լուսահոգի Սամվել Գևորգյանն է եղել):
Եթե չեք ընդունում երկրի ներսում զենքով հարցեր լուծելու մոտեցումը, ուրեմն՝ չեք ընդունում: Իսկ «բայցի» համար կան դրսևորվելու բազմաթիվ տարբերակներ: Մինչդեռ, երբ նայում ես որոշ գործիչների ասածները, ստացվում է՝ սովորաբար չեն ընդունում, բայց տեղ-տեղ կարելի է:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ