Լյարդաբանական օրեր ԼՂՀ-ում

277
ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում լյարդաբանական օրեր անցկացվեցին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում Հայաստանի լյարդաբանների ԼՂՀ-ի առաջատար մասնագետների մասնակցությամբ անցկացրեցին բաց դռների օրեր։
Բնակչությունն այդ մասին նախապես տեղեկացված էր, ուստի երկու օրվա  ընթացքում հեպատիտ Ց-ի վերաբերյալ սկրինինգային հետազոտություն անցավ  ԼՂՀ 527 քաղաքացի։
Խորհրդատվություն է տրամադրվել 150 այցելուի` կատարելով որովայնի խոռոչի օրգանների գործիքային հետազոտություն (սոնոգրաֆիա)։ Ըստ անհրաժեշտության իրականացվել է  նաև արյան կլինիկական և բիոքիմիական 100 հետազոտություն։ Այս ամենն, իհարկե, անվճար հիմունքներով:
Միաժամանակ Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան (նախագահ` Հասմիկ Ղազինյան) կազմակերպել է վիրուսային հեպատիտներ Բ և Ց վարակների վերաբերյալ գիտաժողով։ Հայաստանի մասնագետները ներկայացրել են աշխարհում առկա համաճարակաբանական իրավիճակին, ծանոթացրել հիվանդությունների կլինիկային, բուժման ժամանակակից մոտեցումներին և  գործող  ուղեցույցներին։ Գիտաժողովին մասնակցել են ԼՂՀ  բժշկական կազմակերպությունների մասնագետները` ինֆեկցիոնիստները, գաստրոէնտերոլոգները, թերապևտները, գինեկոլոգները, էնդոկրինոլոգները, ինչպես նաև գլխավոր բուժքույրերը:
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների, ինչպես նաև համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար։
Մեր մասնագետները  մտադիր են  շարունակական դարձնել լյարդաբանական օրերի անցկացման, վիրուսային հեպատիտների վերաբերյալ ԼՂՀ ազգաբնակչության հետագա սկրինինգի ապահովման և լյարդաբանության բնագավառում ձեռք բերված նորագույն բոլոր ուղեցույցների ներդրման ծրագիրը: Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան հետագա իր ծրագրում ներառել է նաև առաջիկայում  ԼՂՀ-ում միջազգային գիտաժողով կազմակերպել` ՀՀ և ԼՂՀ առաջատար մասնագետների համագործակցությունն  ավելի սերտացնելու նպատակով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ