Ռուսաստանը չի պատրաստվում ԼՂ հակամարտության կողմերին ինչ-որ պատրաստի լուծումներ պարտադրել. Պուտին

597

Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված «ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր».

Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտող կողմերի արած յուրաքանչյուր առաջարկին: Ինչպես նշում է ria.ru-ն, այսօր այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք ամենևին էլ չենք փորձում Ադրբեջանին ու Հայաստանին ինչ-որ պատրաստի «բաղադրատոմսեր» պարտադրել: Կողմերը պետք է իրենք համաձայնության գան և առանց արտաքին ճնշման հանգեն երկուստեք ընդունելի լուծման: Սա է մեր հստակ դիրքորոշումը»,-ասել է Պուտինն ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությանն օգոստոսի 8-ին Բաքու կատարելիք այցին ընդառաջ տված հարցազրույցում:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ փոխզիջման հասնելը ենթադրում է «տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»:

«Իհարկե, կարգավորման նպատակը պետք է լինի պայմանավորվածությունն առ այն, որ կողմերից և ոչ մեկը չի ճանաչվելու որպես հաղթող կամ պարտվող: Զիջումները պետք է փոխադարձ լինեն, իսկ դրանից բխող շահերը` ակնհայտ Ադրբեջանի ու Հայաստանի հանրության համար: Իսկ Ռուսաստանն իր հերթին պատրաստակամ է աջակցել հակամարտության լուծման այն տարբերակին, որը ձեռք կտա բոլոր կողմերին, ու մյուս միջնորդների հետ հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,-հավելել է ՌԴ նախագահը:

Իր խոսքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը 2 երկրների հետ էլ խոր պատմական կապեր ունի, զարգացրել է  ռազմավարական բնույթի հարաբերություններ` հիշեցնելով նաև աշխարհագրական մոտ դիրքի մասին:

«Այդիսկ պատճառով մենք անկեղծորեն հետաքրքրված ենք հարևան տարածաշրջանում խաղաղության ու հանգստության վերահաստատման հարցում, որպեսզի այնտեղ այլևս մարդիկ չզոհվեն, սահմանները բացվեն, վերականգնվեն տնտեսական կապերը: Մենք այդ ուղղությամբ անում ենք հնարավորը»,-շարունակել է Պուտինը:

Նա իր խոսքում անդրադարձել է նաև հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպմանը` նշելով, որ Մոսկվան ողջունում է հանդիպման կառուցողական ընթացքը:

Պատասխանելով լրագրողի հարցին, որ Ռուսաստանը հավակնում է մենաշնորհ ստանալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում` նախագահն ասել է, որ նման բան չկա և որ Մոսկվան այդ հարցում համագործակցում է արևմտյան գործընկերների հետ` հույս ունենալով համատեղ ջանքերի շնորհիվ հասնել ընդհանուր կարգավորման:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ