«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի նկատմամբ քիչ առաջ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից Արմեն Լամբարյանին պատգարակով են տեղափոխել դատարան:
Դատարանից Լամբարյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Նրա փաստաբանը նշել է, որ դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի «Էրեբունի» հիվանդացի Վերակենդանացման բաժանմունքից Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են հիվանդասենյակ:
Նշենք, որ Լամբարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արմեն Լամբարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ ասել է, որ պահանջում է պատասխանատվության ենթարկել իրեն մահափորձի ենթարկած անձին։