Ցավերով դատարան տեղափոխված՝ «Սասնա ծռերի» անդամ Հովհաննեսի վիճակը հուզել է բոլորին. փաստաբան

992

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ օգոստոսի 9-ին, «Սասնա ծռեր» խմբի անդամ, 29–ամյա Հովհաննես Հարությունյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությանը դատավարության կողմերը հուզվել են Հովհաննեսի վիճակից: Այս մասին հայտնում է Հովհաննեսի փաստաբան Հայարփի Սարգսյանը, որի խոսքով՝ «Սասնա ծռերի» անդամը դատական նիստերի դահլիճում եղել է ցավերի մեջ, թույլ ու հյուծված վիճակում: Հովհաննեսը նաեւ հայտարարություն է արել նիստերի դահլիճում՝ խնդրելով իրեն եւ «Սասնա ծռերի» խմբի անդամներին որպես հանցագործների չվերաբերվել:

«Հուզված էին, խոսեց, ասաց պատճառը, թե ինչու է այստեղ գտնվում, ինչու է վերադարձել Հայաստան եւ ինչու է նման քայլի գնացել: Իրեն հատուկ բժշկական մեքենայով էին տեղափոխել, բերել էին պատգարակով, ցավեր ուներ, չնայած որ ցավազրկել էին: Հովհաննեսի ներկայիս վիճակը տեսնելով՝ անգամ դատավարության կողմերը հուզվեցին, քանի որ նա դեռ չի վիրահատվել, փշրված են ոսկորները, ցավերի մեջ էր: Փոխանակ քաղաքացիական հիվանդանոց նրան տեղափոխեն եւ վիրահատեն, նրան այդ վիճակում պահում են «Դատապարտյալների հիվանդանոցում»,-ասաց փաստաբանը:

Այսօրվա դատական նիստը փաստաբանի մոտ հույս է արթնացրել, որ Վերաքննիչը հնարավոր է՝ բավարարի իրենց բողոքը։

«Մինչեւ դատը հույսեր չունեի, բայց դատավարության ընթացքից հույսերն ավելացան, մարդկային արժեքներից ելնելով, նաեւ իրավաբանության տեսանկյունից էլ, հույսեր կան, որ Վերաքննիչը ազատ կարձակի նրան: Անգամ դատախազն իր ելույթը շատ կարճ ձեւակերպեց՝ միայն նշելով, որ  Վերաքննիչ բողոքն անհիմն է,»,-ասաց Հայարփի Սարգսյանը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության որոշումը կհրապարակի օգոստոսի 10-ին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել է հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հովհաննես Հարությունյանն Արարատի մարզի Բյուրավան գյուղի բնակիչ է, վերջին տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել էր Ռուսաստան: Նա մասնագիտությամբ ծրագրավորող է, ամուսնացած չէ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ