Հաղորդումը, թե Սարգսյան-Պուտին հանդիպման նախաձեռնությունը մերն է, ոչ մի լավ բան չի խոստանում. Ս. Սաֆարյան

597

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ոչ մի դրական սպասում չունի Մոսկվայում այսօր կայանալիք Սարգսյան–Պուտին հանդիպումից, առավել ևս, որ ոչ պաշտոնապես, բայց տեղեկատվական արտահոսքերի միջոցով հաղորդվել էր, որ հանդիպման նախաձեռնությունը գալիս է հայկական կողմից:

Քաղաքագետը հիշեցրեց, որ հանդիպմանը նախորդել են Բաքվում Իրանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումները՝ ավելացնելով, որ արդեն Ռուսաստանն է միացել թշնամական` Հայաստանը շրջանցող առանցքին՝ Իրան-ՌԴ-Ադրբեջան հուշագրի ստորագրումով։

«Ռուսներն ու թուրքերը բարիշեցին, Ադրբեջանը մեր երկու բարեկամներին չեզոքացնելու, կարծեք թե, շատ լուրջ քայլեր ձեռնարկեց: Հիմա այսքանից հետո մենք ի՞նչ ենք խնդրում Ռուսաստանից՝ մենք նրա առաջ պահանջ դնո՞ւմ ենք, թե՞ չենք դնում. սա ես չգիտեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանն ու նշեց, որ չի կարող ասել` խոսքը Մոսկվայում պայմանավորվածությունների, համաձայնությունների, դետալների համադրման ու դրանց որ փուլերի մասին կարող է լինել:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ մեկնարկում է այսօր, և հաղորդվում է, որ նախատեսվում է քննարկել երկու պետությունների միջև առանցքային մի շարք հարցեր, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդիրը: Հիշեցնենք նաև, որ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Սարգսյան-Պուտին հանդիպման նախաձեռնող կողմը հենց Հայաստանն է, և որ հանդիպումը կայանալու է հայկական կողմի խնդրանքով:

Ստյոպա Սաֆարյանը անկեղծորեն խոստովանեց, որ դժվար է պատկերացնում, թե հատկապես ինչն է հուզել հայկական կողմին, և ինչու պետք է նման ցանկություն հայտնվեր: Սակայն նա ևս համամիտ է այն կանխատեսումներին՝ ըստ որոնց հայկական կողմը ղարաբաղյան կարգավորման հարցում ավելի կոշտ ու ավելի պահանջատիրական դիրքորոշումներով է Մոսկվա գնալու։

«Բնական է, որովհետև Մոսկվան էլ չկոշտացնելու տեղ չի թողել, Մոսկվան հատել է կարմիր գիծը: Ապրիլյան պատերազմից հետո առհասարակ պետք է փոխվեին մոտեցումները, կարծրացումներ պետք է գնային: Բայց նաև վստահ եմ, որ Մոսկվան տապալվելու է` իր բոլոր ծրագրերում»,- ամփոփեց քաղաքագետը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ