15.8 C
Yerevan
Հայաստանում սկսել են բջջային կապից քիչ օգտվել

Հայաստանում սկսել են բջջային կապից քիչ օգտվել

641

Մի շարք ցուցանիշների դինամիկան այն եզրակացության է հանգեցնում, որ հայ հանրության մի հատվածի եկամուտներն էապես կրճատվել են եւ շարունակում են կրճատվել: Հարկ է ենթադրել, որ պատճառը արտասահմանից մասնավոր դրամական փոխանցումների անշեղ անկումն է: Հիշեցնենք, որ այդ պրոցեսն սկսվել է դեռեւս անցյալ տարի եւ շարունակվում է նաեւ այժմ: Դրա հետեւանքներից մեկը դարձավ ընթացիկ գներով հանրապետության մեծածախ ապրանքաշրջանառության ծավալի կրճատումը:

Բնակչության ընդհանուր եկամուտների ճգնաժամն արտացոլվեց նաեւ մի շարք հեռահաղորդակցության ըկերությունների եկամուտների վրա՝ ինչպես բջջային, այնպես էլ ֆիքսված հեռախոսակապի ուղղություններում: Նշենք, որ ֆիքսված հեռախոսակապի սակագները չեն փոխվել, իսկ ահա բջջային կապի նույնիսկ աննշան էժանացում է եղել: Այսինքն՝ գների գործոնի ազդեցությունը ֆիքսված հեռախոսակապի վրա զրոյական է եղել, իսկ ահա բջջային կապի դեպքում թույլ է տվել հուսալ այդ ծառայությունների ծավալի որոշ աճ:

Իրականության մեջ, սակայն, տեղ է գտել հակառակ պատկերը: Հունվար-հունիսին ֆիքսված հեռախոսակապի գծով ծառայությունների ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 21 տոկոսով, իսկ բջջայինի գծով՝ ավելի քան 12 տոկոսով:

Այս ոլորտում ընկերությունների եկամուտները պակասել են՝ ֆիքսված հեռախոսակապինը 2,1 մլրդ դրամով, իսկ բջջային կապինը՝ 6,3 մլրդ դրամով: Ինչպես մեծածախ ապրանքաշրջանառության դեպքում, այս հետընթացն սկսվել է դեռեւս անցած տարվանից:

Ելնելով պետական բյուջե մուծված հարկերի դիամիկայից՝ հեռահաղորդակցության երեք ընկերություններից ամենավատ վիճակում է «ԱրմենԹել» ՓԲԸ-ն: Հունվար-հունիսի տվյալներով՝ ընկերությունը 1,8 մլրդ դրամ պակաս է հարկ վճարել (կամ 23,6 տոկոսով պակաս), քան մեկ տարի առաջ: Հաջորդը «Օրանժ Արմենիա»-ն է՝ մոտ 1,0 մլրդ դրամ անկմամբ (56 տոկոս):

Երջանիկ բացառություն է «Ղ-Տելեկոմ» ընկերությունը, որի գծով վճարված հարկերն աճել են 0,5 մլրդ դրամով (կամ 11,7 տոկոսով):

Հավելենք, որ բացի բջջային կապից (նաեւ ֆիքսված հեռախոսակապից), նշված ընկերությունները նաեւ համացանցին հասանելիության ծառայություններ են մատուցում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ