Մենակ՝ ընդդեմ ռուսական մաֆիայի. Ով է փակում Միհրանի ճանապարհը. armtimes.com

712

«Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է: Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ սպորտը, ո՛չ Օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում՝ այս ամենը աղբ է», – Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մինչեւ 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալը ստանալուց հետո հայտարարել է մեր Միհրան Հարությունյանը: Մարզիկի համար գերագույն նպատակներից մեկը Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է, եւ անգամ արծաթե մեդալի դեպքում անսահման է լինում ուրախությունը: Բայց Միհրանի խոսքերը, արցունքները՝ պարգեւատրման արարողության ժամանակ թերեւս վեր են զուտ սպորտային արդյունքներից եւ արտահայտում են մեկ մարդու անձնական դրաման:

Էջմիածնում ծնված Միհրանը 4 տարեկան հասակում՝ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Մոսկվա: Հետագայում Միհրանը սկսում է մարզվել ըմբշամարտով՝ հայ մարզիչ Ռուբեն Թաթուլյանի գլխավորությամբ: Պատանեկան տարիքից սկսած Միհրանը Ռուսաստանում առաջատար էր իր քաշային կարգում: Մասնակցում էր պատանեկան, ապա երիտասարդական մրցաշարերի, հաղթում եւ արդեն համարվում էր Ռուսաստանի ապագա հույսերից մեկը:

2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախաշեմին, սակայն, Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին սկսում է ամեն կերպ խոչընդոտել 23-ամյա Միհրանի հաջողություններին. պատճառի մասին գիտեին բոլորը:

Աշխարհի գավաթի խաղարկության Հայաստան-Ռուսաստան մրցամարտի ժամանակ Միհրանը պարտվում է հայ ըմբիշին, եւ Մամիաշվիլին մեղադրանքներ է հնչեցնում Միհրանի հասցեին, համարելով, որ պարտությունը դիտավորյալ էր: Իր քաշում Ռուսաստանում ուժեղագույնը համարվող, արտակարգ տեխնիկա ունեցող, բազմազան հնարքների տիրապետող Հարությունյանը զրկվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցելու իրավունքից:

Ռուսական ըմբշամարտում ընդհանրապես բոլոր որոշումները ընդունում է Մամիաշվիլին, եւ այն պարտադիր է բոլորի համար: Քիչ թե շատ հակադարձնողները, առավել եւս անհատականությունները իսկույն դառնում են ամենաիսկական մաֆիայի վերածված ըմբշամարտի ֆեդերացիայի եւ այդ կառույցի ամենակարող նախագահի «թշնամի» եւ ուղղակիորեն զրկվում անգամ մարզվելու տարրական պայմաններից: Հենց նման վիճակում է հայտնվում Միհրանը:

«Քանի ես կամ, դու չես հաղթելու»՝ սա Մամիաշվիլու խոսքերն են՝ ուղղված Միհրանին, որից հետո Հարությունյանի դեմ փակվում են բոլոր մարզադահլիճների դռները: Անգամ Միհրանի մարզչին՝ Ռուբեն Թաթուլյանին են արգելում մարզումներ անցկացնել: Այդ ժամանակ ստացվում է հրավերք Հայաստանից, ինչին անմիջապես համաձայնվում է Միհրանը:

«Ըմբշամարտը իմ կյանքն է: Բայց այդ ժամանակ ինձ կարծես զրկել էին ապրելուց: Ինձնից երես էին թեքել բոլորը, բացի հարազատներիցս եւ մարզիչ Ռուբեն Թաթուլյանից: Այնպիսի տպավորություն էր, կարծես մահացել էի: Ես հավատում եմ Աստծուն, եւ նա միշտ օգնել է: Իմ գործը աղոթելը, աշխատելը եւ նպատակիս հասնելն էր: Եվ ես հարություն առա: Կյանքը կանգ չի առնում, եւ ամեն ինչ դեռ առջեւում է: Հպարտ էի, որ հանդես եմ գալու Հայաստանի կազմում»,- պատմել է Միհրանը:

Համաձայն կանոնների՝ երկրից երկիր տեղափոխվելու դեպքում պարտադիր 2 տարվա որակազրկումից հետո, Միհրան Հարությունյանը 2014 թվականից հետո սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Միհրանը հավատացած էր, որ այս դեպքում իր մեջքին մի ամբողջ երկիր է կանգնած եւ Մամիաշվիլու «ձեռքերը» այլեւս չեն հասնի իրեն: Անցյալ տարի Բաքվում կայացած Եվրոպական 1-ին մարզական խաղերի եզրափակիչում մրցավարների ակնհայտ կողմնակալության պայմաններում Միհրանը զրկվեց ոսկե մեդալից. այն ժամանակ դա ընկալվեց որպես պատահականություն: Ամիսներ անց Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Միհրանից մրցավարները կրկին խլեցին հաղթանակը: Նախօրեին էլ նույնը, շատ ավելի դաժան ձեւով, կրկնվեց «Ռիո 2016»-ի եզրափակիչում: Ընդ որում, գորգի մրցավարը Լաս Վեգասում եւ Ռիոյում նույն մարդն էր: Ակնհայտ է, որ սրանք արդեն պատահականություններ չեն:

«Չես հաղթելու» խոստումը Մամիաշվիլին կատարում է, եւ նրա դեմ անզոր է անգամ մի ամբողջ երկրի՝ Հայաստանի մարզական ղեկավարությունը: «Կատարվածի մեջ ոչ միայն մրցավարներն են մեղավոր, այլեւ մեր վերեւները, որոնք թույլ տվեցին, որ այս ամենը կատարվի։

Նյութն ամբողջությամբ՝ Armtimes.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ