Պերմյակովի դատավճռի ցավալի խորհրդանշականությունը

522

2015 թվականի հունվարին Գյումրիում Ավետիսյանների ամբողջ ընտանիքի սարսափելի գնդակահարությունն իրականացրած ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր դատապարտվեց ցմահ ազատազրկման: Պերմյակովի համար ավելի ցածր պատիժ լինել չէր կարող, եթե իհարկե նրա կատարած սարսափելի ոճրագործության համար ընդհանրապես որևէ պատիժ կարող է համարժեք լինել և չդիտվել ավելի մեղմ՝ այն բանի համեմատ, ինչ արել է ռուսաստանցի զինծառայողը:

Պերմյակովի ոճրագործության, դրան հաջորդած զարգացումների ժամանակացույցը, մանրամասները, իրավա-քաղաքական խնդիրները, որ առաջացել էին ոճրագործության արձագանքների արդյունքում, երևի թե թարմ են բոլորի հիշողության մեջ: Այս ամենով հանդերձ՝ դատավճռից հետո անգամ բոլորի համար անպատասխան է շարունակում մնալ հարցը, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել Գյումրիում հունվարի 13-ի լուսադեմին, ինչո՞ւ է ռուսական ռազմակայանից փախուստի դիմած հանցագործը մտել Ավետիսյանների տուն, ինչո՞ւ է գնդակահարել ամբողջ ընտանիքը, ինչո՞ւ է, հայտնաբերվելով հայ-թուրքական սահմանին, նա, ի հեճուկս Հայաստանի օրենսդրության և հայ-ռուսական համաձայնությունների, հայտնվել ոչ թե հայաստանցի իրավապահների, այլ ՌԴ ռազմակայանի ենթակայության տակ, ինչո՞ւ Ռուսաստանը հայկական կողմին փոխանցեց Պերմյակովի գործը, սակայն Պերմյակովին գրեթե ատամներով պահեց իր ենթակայության տակ՝ ՌԴ ռազմակայանում ըստ էության պաշտպանված, ինչը ըստ էության թույլ չտվեց հայաստանյան իրավապահ համակարգին՝ լիարժեքորեն մոտենալ, հասու լինել Պերմյակովի ոճրագործությանը՝ Հայաստանի քաղաքացիների 7-հոգանոց ընտանիքի սպանության խորհրդավոր պատմությանը:

Պերմյակովի դատավարությունը պետք է տար այդ հարցերի պատասխանները, պետք է դուրս բերեր գործը «սատանիստական» վարկածներից, որոնք կարծեք թե ունեին ավելի շուտ հասարակության ուշադրությունը շեղելու կամ բթացնելու, քան իրականությունըւ բացահայտելու նպատակներ: Իրականությունը բացահայտելու փոխարեն՝ դատավարությունն իր ընթացքով, կազմակերպված լինելով հենց ռուսական ռազմակայանի տարածքում, որպեսզի Պերմյակովը անգամ դատի համար ժամանակավորապես դուրս չգա ռազմակայանի տարածքից՝ կարծեք թե ճշմարտությունը ռազմակայանի տարածքից դուրս չբերելու համար, ըստ էության դարձավ մութ պատմությունն ավելի սևացնող մի գործընթաց: Դրա տրամաբանական ավարտը պետք է լիներ ոչ միայն դատավճիռը, այլև հասարակությանը հուզող հարցերի պատասխանները նաև, ճշմարտությունը, իրականությունը:

Եվ ուրեմն, Պերմյակովի դատավճռով Պերմյակովի գործը փակված չէ: Այն ըստ էության կմնա երևի թե անկախ Հայաստանի պատմության մութ ու խորհրդավոր էջերից մեկը, որում շոշափվում են լայն նշանակության բազմաթիվ հարցեր: Կասկած չկա նաև, որ ինչպես գրեթե բոլոր մութ էջերը, այս դեպքում էլ ինչ-որ ժամանակահատվածում ինչ-որ լույս անկասկած կսփռվի այդ գործի վրա: Ե՞րբ կլինի դա, ի՞նչ ծավալով՝ դժվար է ասել: Սակայն, ըստ էության անկասկած է, որ Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում այլևս ափոփված է մի պատմություն, որը Հայաստանի անկախության ուղեկցին է եղել՝ ցավոք արյունոտ ու ողբերգական ուղեկիցը:

Եվ այս տեսանկյունից, դժբախտաբար, ցավալի խորհրդանշականությամբ, Պերմյակովի դատավճիռը հրապարակվում է այն օրը, որ օրը 26 տարի առաջ ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ