Հայ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը

618

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության 2016 թվականի պլանի համաձայն ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը եւ խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում են օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժությանը:

Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից, օգոստոսի 23-ին Բելառուսի հանրապետության զինված ուժերի համազորային զորավարժարանում տեղի է ունեցել «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Երկու փուլով անցկացվող զորավարժության ընթացքում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը խաղարկելու են հավաքական անվտանգության տարածաշրջանում խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստման եւ իրականացման վարժանքներ:

«Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը ներգրավված են շուրջ 1500 զինծառայող, 300 միավոր օդային եւ ցամաքային ռազմական տեխնիկա։

Զորավարժության գլխավոր խնդիրներից են ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ուժերի միջեւ խաղաղապահ առաքելություն իրականացնելու ընթացքում փոխգործակցության եւ փոխըմբռնման ձեւավորումն ու ամրապնդումը, համատեղ գործողությունների արդյունավետության  բարձրացումը, փորձի փոխանակումը:

Օգոստոսի 24-ից կմեկնարկեն զորավարժությանն ընդգրկված ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների համատեղ վարժանքները, որոնց ընթացքում կիրականացվեն խաղաղապահ առաքելությունների տարաբնույթ գործողություններ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ