Մարդիկ որոնք իրենց սեփական երկրում, սեփական իշխանությունների կողմից խաբված և առհամարված են

774

Երեկ գործնական հանդիպում ունեցա խաբված և տանջված մի խումբ ”Նաիրիտի” աշխատակիցների հետ, ամենայն անկեղծությամբ խոստովանում եմ` սա այն դեպքերից էր երբ ողջ գիշեր մտորումներից ու զայրույթից սիրտս ցավում էր, երևի բառերով չկարողանամ նկարագրել այդ մարդկանց հուսահատությունը և անտեսված լինելու ցավը, մարդիկ` որոնք իրենց սեփական երկրում, սեփական իշխանությունների կողմից խաբված և առհամարված են, մարդիկ որոնք ի շնորհիվ պատկան մարմինների արժանացան ծանր կացության մեջ հայտնված լինելուն, մարդիկ ում երեխաները լքեցին և դեռ լքելու են իրենց բուհերը, որովհետև իրենց ծնողները վճարունակ չեն` քան, որ 18-20 ամիսների ընթացքում չեն վարձատրվել իրենց գործատուների կողմից, իսկ պատկան մարմինները լռել են և լռում են, անգամ այդ մարդիկ ստիպված են եղել դատական ատյանների որպեսզի օրենքի ուժով ստանան իրենց հասանելիք գումարը, սակայն այս պարագայում էլ կրկին անգամ գերիշխել է լռությունը և մեկ տարուց ավելի է ինչ այդ մարդկանցից ոմանք ձեռքներին ունենալով դատարանի վճիռներ` չեն կարողանում ո՛չ մի կերպ վերցնել օրենքով նախատեսված իրենց գումարները։
Ցավալին այն է երբ մեր Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայությանը անհրաժեշտ է լինում` ապա կայծակնային արագությամբ բռնագրավում են, կալանքի են դնում, աճուրդով են վաճառքի հանում ընդհուպ մինչև մանկական <<գարշոկներ>>, իսկ այս պարագայում իրենց կեցվածքով և գործողություններով նմանվում են <<Բաժանորդը անհասանելի է, կամ գտնվում է մարդկության և հանրության ծածկույթից դուրս>> իրավիճակին։
Այն մարդկանց համար, որոնք իրազեկ և տեղյակ չեն տվյալ դեպքի հետ առնչվող հարցերին` կփորձեմ համառոտ նկարագրել բովանդակությունը։
Մոտ երկու տարի աշխատավարձ չստացած ”Նաիրիտի” աշխատակիցները` տեսնելով, որ անգամ ՀՀ դատական համակարգի վճիռները անօգուտ են և ի կատար չեն ածվում` ճարահատույց ստիպված են եղել ստորագրել մի պայմանագիր` որում մասնավորապես նշվում է…
Մենք հրաժարվում ենք բոլոր կուտակված տուժ ու տուգանքներից, օրենքով սահմանված կարգով` աշխատավարձի ամեն ուշացած օրվա համար նախատեսված 0,15%-ից ի օգուտ հետագայում հայտնված երրորդ կողմի, որն էլ իր հերթին պարտավորվել էր դրա դիմաց աշխատակիցներին վճարել կուտակված ողջ գումարների միայն մայր գումարը և այսպիսով ոմանք մոլորությունից ելնելով, ոմանք էլ եղածն էլ կորցնելու մտավախությունից ստորագրել են այդ պայմանագիրը, սակայն կան մարդիկ որոնք չեն ստորագրել <<շանտաժին>> նմանվող պայմանագրի տակ և դրա իսկ պատճառով մինչ օրս էլ չեն ստացել ո՛չ մի գումար, անգամ այն մայր գումարը որոն ստացել են ոմանք։
Այս ամենին զուգահեռ այս մարդկանց դժբախտությանն են ավելացել նաև իրենց անձնական ու նախընտրական քարոզչական ծրագրերի շարժառիթներով մեր <<մեծահոգի>> կուսակցությունները և քաղաքական այլ գործիչներ, որոնց հիմնական նպատակներից մեկը` դա իրենց անձնական փիարի և ռեյտինգի ավելացումն է այս խեղճ ու կրակ մարդկանց հաշվին, Աստծու՜ սիրո… Փիարվեք ինչքա՜ն ուզում եք և ինչքա՜ն կարող եք, սակայն ունեցե՛ք խիղճ ու բարոյականություն և ի վերջո մի իրական օգուտ էլ տվեք այս մարդկանց, որոնք Ձեզ նմանների համար դարձել են զոհաբերության նոխազ։
Ես քաջ գիտակցում եմ, որ այս մարդիկ` իրենց այս կարգավիճակով` անհրաժեշտ են Ձեզ մինչև 2017թ-ի նախընտրական շրջան, որպես քարոզարշավի մասնիկ և դիվիդենտներ բերող քարոզչական ծրագր, սակայն վստահեցնում եմ Ձեզ դա միայն Ձեր նախնադարյան մտածելակերպի և հիվանդագին երևակայության արդյունքն է։
Մի՛ խեղաթյուրեք մարդկանց, մի քաղաքականացրեք իրավական ոլորտին առնչվող հարցերը` ի շահ Ձեր 100-200 կարամված նախընտրական ձայների, կա՛մ էլ եթե դա հնարավոր է և առեղծվածային չի` ապա եղեք ազնիվ ու պարկեշտ և իրական օգնություն, աջակցություն ցուցաբերեք այս մարդկանց։
Իմանալով Ձեզանից որոշների ուղեղի պարունակությունը` իմ կողմից որպես հումանիտար օգնություն հուշում եմ…
1) Մարդիկ ստիպված են եղել ստորագրել մի պայմանագիր ի վնաս իրենց անձնական և նյութական շահերի, քանզի տեսնելով պետության անտարբերությունը և ՀՀ դատական համակարգի անգործությունը մարդիկ համաձայն են եղել զրկվել այդ մայր գումարներին հասնող 85-95%-ին հասնող հավելված և կուտակված տույժ ու տուգանքներից, սակայն այս պարագայում ” Նաիրիտի” ղեկավարությունից ո՛չ պակաս մեղավորություն ունի նաև երրորդ կողմը, որի անգործության և դատական վճռի չկատարման հետեւանքով տուժել են մի զգալի խումբ ՀՀ քաղաքացիներ, քաղաքացիներ` որոնք եթե՞ անգամ թյուրիմացաբար ստորագրել են իրենց համար վնասակար մի փաստաթուղթ և որով անհնար կլինի Նաիրիտից վերադարձնել իրենց հասանելիք գումարները` ապա ո՛չ մի ՀՀ օրենք չի արգելում այդ մարդկանց պահանջել (նյութական և բարոյական վնասի) հատուցում, այն պատկան մարմիններից որոնց պատճառով 2200 մարդ են տուժել, իսկ եթե անգամ Հայաստանում անհնար է հասնել արդարադատությանը` ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս բազմաթիվ գերազանց նախադեպերով վերականգնել է բազմաթիվ մեր հայրենակիցների հայցադիմումները և մարդիկ ի վերջո ստացել են իրենց վնասների փոխհատուցումը։
Կան նաև այլ խելամիտ լուծման տարբերակներ և հարցի ճիշտ իրավական եղանակներ, սակայն այդ ամենը հրապարակման ենթակա չէ։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ