Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

687

Tert.am

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է ընթանալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը, սակայն արդեն երկրորդ դատական նիստն անընդմեջ հետաձգվեց տուժողների և վկաների բացակայության պատճառով:

Դատական նիստի մեկնարկին դատարանին տեղեկացրին, որ տուժողները, ովքեր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ են, մասնակցում են զորավարժության և չեն ներկայանալու դատական նիստին:

Մեղադրող դատախազը դատարանին խնդրեց միջոցներ ձեռնարկել տուժողների և վկաների ներկայությունը դատարանում ապահեվելու համար.« Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որ տուժողները պատշաճ կարգով ներկայացվեն դատական նիստին, հնարավոր է նաև Պաշտպանության նախարարության միջամտությամբ»:

Կողմերը համաձայնեցին դատական նիստին կուրսանտների ներկայությունն ապահովելու համար դիմել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավարությանը:

Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը կողմերի համաձայնությամբ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության, Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ , խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:

Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ