Անձամբ բժշկին վճարելու պրակտիկան դեռեւս պահպանվում է Հայաստանում

818

Անձամբ բժշկին կամ բուժքրոջը վճարելու պրակտիկան դեռեւս պահպնվում է Հայաստանում. դա են վկայում NEWS.am Medicine-ի հարցման արդյունքները:

Հարցին, թե անցած տարվա ընթացքում հիվանդանոցներում առիթ ունեցե՞լ եք վճարելու ոչ թե դրամարկղում, այլ բժշկին կամ բուժքրոջը, հարցվածների 61%-ը կամ 1146 հոգի պատասխանել են` բազմիցս: Հարցվածների 8%-ը կամ 154 հոգի նշել են, որ անցած տարվա ընթացքում դա արել են միայն մեկ անգամ, իսկ 17%-ը կամ 320 մարդ խոստովանել են, որ անցած տարի առձեռն չեն վճարել, բայց նախկինում` պատահել է:

Հասկանալու համար, թե ինչ է թաքնված այդ ցուցանիշների ետեւում, հարկավոր է նկատի առնել, թե ֆինանսական ինչ համակարգ է գործում Հայաստանի բժշկական հաստատություններում: Եւ պետք չէ բժշկին վճարելու դեպքերը վերագրել պացիենտների ինքնուրույն ցանկությանը` շնորհակալ լինելու իրենց փրկիչներին: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ պացիենտներից պահանջվել է այդ գումարը:

Մասնավոր հիվանդանոցներում հիմնականում վճարումներն արվում են դրամարկղում, եւ սեփականատերը, բնականաբար հետեւում է դրան: Եթե բժիշկը նման բուժհաստատությունում անձամբ է դրամ վերցնում հիվանդից, ծագած առաջին միտքն այն է, որ շրջանցելով դրամարկղը` նա անտեսում է սեփականատիրոջը: Գուցե այդ բժշկին քիչ են վարձատրում, բայց դա բժշկի եւ սեփականատիրոջ խնդիրն է, եւ ոչ երբեք պացիենտինը:

Բժիշկներից մեկը NEWS.am Medicine-ի հետ մասնավոր զրույցում ասել էր, որ երբ հիվանդանոցում, ուր նա աշխատում էր, չկար դրամարկղ եւ սեփականատեր, ինքը վիրահատության համար ավելի քիչ գումար էր վերցնում հիվանդից, քան հետո, երբ հայտնվել է դրամարկղ եւ սեփականատեր: Ընդ որում եւ´ նրա, եւ´ մնացած բուժանձնակազմի բաժինն այդ գումարից ավելի մեծ էր, քան հիմա, երբ դրամը մուծվում է դրամարկղ: Բայց դա, մեր կարծիքով, մենեջմենթի խնդիր է: Այդ հարցերը պացիենտին անհետաքրքիր են:

Ինչ վերաբերում է պետական բուժհաստատություններին, ապա մեր տվյալներով` դրանց մեծ մասում բժիշկներն իրենք պետք է «վաստակեն» իրենց դրամը: Հիվանդանոցից նրանք կա´մ ոչինչ չեն ստանում, կա´մ ստանում են չնչին գումար` անկախ այն հանգամանքից` հիվանդը բուժվում է պետպատվերո՞վ, թե՞ վճարովի հիմունքով: Հենց սա էլ, մեր կարծիքով, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անցկացրած մեր հարցումը ցույց էր տվել, որ մարդիկ առողջապահության համակարգի կոռուպցիան համարում են անուղղելի խնդիր: Այդ իրավիճակի ելքը շատերի կարծիքով պարտադիր բժշկական ապահովագրության ներմուծումն է:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ