Ո՞ւր են տանում նոր գործադիրի առաջին քայլերը

362

Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ և ծանր իրավիճակում մարդկանց ուշադրության կենտրոնում է հայտնվել նորանշանակ վարչապետը: Քաղաքացիներին հետաքրքրում է, թե ինչ նախաձեռնությամբ է հանդես գալու նա, արդյոք փոփոխությունները չեն լինի կոսմետիկ բնույթի: Ելնելով ծանր պայմաններից` մարդկանց շրջանում վաղվա օրվա հանդեպ հավատի որոշակի պակաս գոյություն ունի:
Նախօրեին ներկայանալով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին` վարչապետ Կարեն Կարապետյանն իրեն բավականին անմիջական դրսևորեց` փորձելով առկա իրավիճակը չներակայացնել վարդագույն գույնով:

Պատասխանելով իրեն ուղղված հարցերին՝ Կարապետյանը նշեց, թե տնտեսության վիճակը ծանր է, և արագ փոփոխությունների ակնկալիք չպետք է ունենալ, սակայն դա չի նշանակում, որ քայլեր չեն ձեռնարկվելու: Լինելու են կոնկրետ քայլեր և՛ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, և՛ բիզնեսի զարգացման առումով:

Միանշանակ է, գործնական քայլերն այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր երկրին, սակայն հարց է` որքանո՞վ են դրանք գործի դրվում, քանի որ հանրությունը տարիներ շարունակ լսում է երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական փոփոխությունների բազմաթիվ խոստումներ: Այս հարցադրումը ակտուալ է նաև այս դեպքում:

Արդեն իսկ կառավարության այսօրվա նիստում վարչապետը փորձեց սկիզբ դնել իր իսկ նշած քայլերի մեկնարկին: Նա մասնավորապես ՊԵԿ-ին բիզնեսների ստուգումների հետ կապված հանձնարարական տվեց, թե հարկային ստուգումները պետք է կատարվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, մանր և միջիններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում:

Սրա հետ մեկտեղ նաև վարչապետը ՀԾԿՀ-ին, էներգետիկայի նախարարությանը և սոցապ նախարարությանը հանձնարարեց քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի և գազի սակագնային քաղաքականության վերանայման համար:
Թերևս Կարապետյանի քայլերի սկիզբը խոստումնալից է, իսկ ինչ կլինի առաջիկայում, կախված է վճռական գործելակերպից և քայլերի հաջորդականությունից:

Աղբյուր՝ Vlad Karakhanyan

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ