«Գավառական քաղաքի բառդակի կռախը վրա կհասնի արտաքին ազդակների թելադրանքով»․ Վանո Սիրադեղյանի մարգարեական կանխատեսումները 14 տարի առաջ

487

Թե Գեղամյան Արտաշին երբ բացահայտ քսի կտա մնացածի վրա, Պարույրին երբ մեյդան կգցի՝ որպես անկախության գաղափարի վարկաբեկիչ, նախընտրական տակտիկայի հարց է։ Մանավանդ՝ որ սրանք մի քանի փոր արդեն օգտագործված են: Դրանց մեծ մասը կդնի իր թեկնածությունը ընտրություններում: Ոչ թե որ մտածում են նախագահ դառնալ, ոչ, պարզապես մի մասը՝ քաղաքական կապիտալ, մի մասը՝ տառացիորեն մի քիչ կապիտալ ձեռք գցելու համար: Այսպիսով, ինչքան մասխարայության վերածվի ընտրարշավը, այնքան կեղծելը արդարացված կլինի ժողովրդի աչքում: Համենայնդեպս, այնքան հեշտ կմարսվի: Այսօրվա քաղաքական սիստեմի տրամաբանական զարգացումը սա է լինելու:
Տնտեսական ու սոցիալական աղետը, որ առկա է երկրում, սոցիալական ցնցումների չի բերի: Բարեբախտաբար թե դժբախտաբար, հայերը դեռևս վաղնջական ժամանակներից են իրենց ապահովագրել սոցիալական ցնցումներից. նրանք լքում են երկիրը: Սկզբում՝ խոպանչիության տեսքով, հետո՝ ընտանիքներով, հետո՝ գյուղերով, եւ սոցիալական ընդվզումը երբեք չի հասնում կրիտիկական զանգվածի: Ճիշտ է, այդ ներքին «կայունության» դիմաց երկիրը մաս-մաս զիջել են օտարներին, բայց դա հեչ:
Սիստեմի կռախը վրա կհասնի արտաքին ազդակների թելադրանքով: Ե՞րբ: Երբ պարզ կդառնա, որ Հայաստանը ինքն իրեն կործանում է այն աստիճան, որով արդեն վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: Ըստ երեւույթին, դրսում հաշվել են, որ Հայաստանը իր բնակչությունը կարող է կրճատել եւս 500 հազարով: Եւ երբ իջավ մեկուկես միլիոնի, արդեն կմիջամտեն տարածաշրջանի անվտանգությամբ շահագրգռված ուժերը:
Եւ այժմ Հայաստանի քաղաքական ավանտյուրիզմին չեն օգնի ոչ Ֆրանսիայի հակաթուրքությունը, ոչ արաբական հակասեմիտականությունը: Դրան կհետեւի ոչ միայն իշխանության, այլեւ պահանջատիրության վրա պարազիտացող ողջ համակարգի կրախը՝ իր հետ սրբել-տանելով այն քաղաքական աղբը՝ իր «ռեյտինգների» հետ միասին, ինչից արհեստականորեն սարքվել է Հայաստանի քաղաքական դաշտ կոչված գավառական քաղաքի բառդակը վերջին տարիների ընթացքում:

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ, 2002 թ․

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ