Ու՞մն է անվտանգության խորհրդի 600 միլիոնանոց շենքը

473

Սեպտեմբերի 2-ին Yerevan.Today-ը հրապարակեց հոդված՝ «Անհասկանալի պատմություններ՝ ԱԱԽ շենքի շուրջ» վերնագրով: Օգոստոսին, երբ ՀՀ նախագահի կարգադրությամբ լուծարվեց «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, մեզ մոտ հարց առաջացավ, թե ինչ է կատարվելու ընդամենը 7 տարի առաջ 600 մլն դրամով կառուցված 375 քառակուսի մետր տարածք զբաղեցնող շենքի հետ:

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը մեր դիմումին ի պատասխան հայտնեց հետևյալը. «ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի զբաղեցրած՝ Երևան քաղաքի Բաղրամյան 24/5 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա տնօրինման առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Նախագահի 10.08.2016թ. հ. ՆԿ-145-Ն կարգադրության 3-րդ կետով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունը և կառուցվածքը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ հարակից այլ իրավական ակտերի նախագծերի հետ միասին, որոնք մշակելուց կանդրադառնան նաև «ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի զբաղեցրած Երևան քաղաքի Բաղրամյան 24/5 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա տնօրինման խնդրին»:

Քանի որ մեր հարցի պատասխան չստացանք, դիմեցինք ԿԱ անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտե, նախ՝ բանավոր, ապա, երբ պարզվեց, որ անհնար է հարցի պատասխանը ստանալ, գրավոր կերպով, ինչի արդյունքում հրապարակեցինք երկրորդ հոդվածը: Բյուրոկրատական երկար փուլից հետո մեզ պատասխանեցին, որ «Համաձայն էլեկտրոնային արխիվի տվյալների, Երևան, Կենտրոն Բաղրամյան պողոտա 24/5 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Հայաստանի Հանրապետություն անվամբ»:

Կրկին դիմեցինք նույն կոմիտե՝ ճշտելու, թե, ի դեմս Հայաստանի Հանրապետության, կոնկրետ ո՞ր մարմնին է պատկանում այդ հասցեում տեղակայված շենք-շինությունը:

Սահմանված ժամկետում ստացանք հետևյալ պատասխանը. «Համաձայն կադաստրային գործի տվյալների՝ Երևան, Կենտրոն, Բաղրամյան պողոտա 24/5 հասցեի անշարժ գույքը 09.11.2012թ. գրանցվել է ՀՀ ԳԱԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈւՏ ՊՈԱԿ-ի անհատույց օգտագործման իրավունքը»:

Այ սա նորություն էր:

Հիշեցնենք, 2008 թվականի հունիսին կառավարութան որոշմամբ, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրինության` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի N 24 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 375 քմ. մակերեսով արհեստանոցի տարածքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տնօրինությանը, որը մեկ տարվա մեջ կառուցվեց՝ ծախսելով 600 միլիոն դրամ:

Այժմ հարցեր են առաջանում.

Այդ ի՞նչպես է որ կառավարութունը Հատուկ որոշումով հատկացնում է տարածք և 600 մլն դրամ՝ շենք կառուցելու համար, իսկ չորս տարի անց՝ նոր շենքի տեսքով հետ է վերադարձնում ՀՀ ԳԱԱ-ի՝ այս անգամ՝ մաթեմատիկայի ինստիտուտին:

Այսինքն, ստացվում է, որ 2008-2009թթ կառուցված շենքը ամենևին ԱԱԽ համար չէ՞ր:

Ինչո՞ւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տնօրինությունից վերցվեց գուքը՝ այն ժամանակ, երբ այդ շենքում դեռ գործում էր հենց ԱԱԽ կառույցը:

Ի՞նչ հիմունքներով է 2012 թվականից ի վեր այդ շենքում գործում ԱԱԽ կառույցը, վարձակալությա՞մբ: Կամ, գուցե, անօրինակա՞ն:

Ի վերջո, խոսքն այս դեպքում ոչ միայն թանկանոց շենք-շինության պատկանելության մասին է, այլ պետական կառավարման: Փաստորեն, կառավարությունը հսկայական գումար է դուրս գրում պետբյուջեից, հարկատուների հաշվին կառուցում շենք (որի իրական նպատակի և, առհասարակ, նպատակահարմարության մասին արդեն գրել ենք), ապա գործունեության մի հատվածում որոշում, շենքը հանձնում այլ հիմնարկի:

Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ է արվել այս խառնաշփոթը, նպատակը ո՞րն է:

Աղբյուր` Armenia24.info

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ