Աննա՛, վերջ տվեք այս իրար հաջորդող հարցազրույցներին ու անցեք ձեր գործերին

718

Վերջին օրերին համացանցում նոր քննարկման թեմա, իսկ ավելի կոնկրետ նոր դեմք է հայտնվել՝ ընդ որում բավականին սիրունիկ, բայց ցավոք՝ շատախոս մի դեմք: Խոսքը Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական Աննա Գևորգյանի մասին է: Աննան պաշտոնից ազատվելու պահից ստատուսներով ու հարցազրույցներով, կարծես, ամեն պահ ուզում է հիշեցնել իր մասին:

Համարձակ ու խելացի աղջկա կերպարն իր դեմքին առած՝ Աննան խոսում է նոր վարչապետի անարդար ու ոչ անաչառ կադրային քաղաքականության մասին: Պատկերացնու՞մ եք… մի մարդ, ով վարչապետի օգնականի պաշտոնում 2014թ. հայտնվել է միայն նրա համար, որ լավ դասընկեր է ունեցել, իսկ մասնագիտական գործունեության վերջին մեկ տարում կարողացել է կուտակել 10 մլն 342 հազար դրամ այն դեպքում, երբ ցանկացած հայեցողական պաշտոնի համար աշխատավարձը 200 հազարի սահմանը հատել չի կարող, խոսում է անարդարության մասին:

Աննան հայեցողական պաշտոնում էր, այսինքն իր «շեֆը» իրեն ընտրել էր կոնկրետ որակների համար: Ու հիմա եկել է նոր «շեֆ» ու նրան բոլորովին էլ անհրաժեշտ չեն այն ծառայությունները, որոնք կատարում էր օգնական Աննան զուտ այն պատճառով, որ նոր եկած «շեֆ»-ը դրանց կարիքը չունի: Բայց արի ու տես, որ Աննան չի կարողանում հաշտվել իրողության հետ, որովհետև նա իրեն անփոխարինելի է համարում, որովհետև Աննան երկնքից է իջել հատուկ ՀՀ Վարչապետի օգնական լինելու համար, ու չկա մեկը, ով կկարողանա վարչապետի համար լինել ավելի լավ օգնական, քան ինքը:

Ու չնայած Աննան օրենքներից լավ է հասկանում, նա ոչ մի կերպ չի ընդունում այն օրինաչափությունը, որ հայեցողական պաշտոնում աշխատող ցանկացած մասնագետ 100-ից 99-ի դեպքում «շեֆի» հետ միաժամանակ ազատվում է աշխատանքից: Իսկ այն 1 դեպքի պարագայում էլ անձն ինքն է դիմում գրում ու ազատվում աշխատանքից՝ հանուն էթիկայի ու սեփական անձի հանդեպ ունեցած հարգանքի: Այնպես որ, Աննա՛, վերջ տվեք այս իրար հաջորդող հարցազրույցներին ու անցեք ձեր գործերին, մանավանդ, որ վերջին հարցազրույցում էլ նշել եք, որ ունեք աշխատանքային շատ առաջարկներ, ու, ի սեր Աստծո, ազատեք մեզ Ձեր Ժաննա Դ՛Արկի կերպարից, քանզի ինքներդ էլ լավ գիտեք, որ ազգովի վաղուց անհավատ ենք դարձել Ձեր նման «անարդարության զոհ»-երի նկատմամբ…

Աղբյուր՝ Karen Hambardzumyan

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ